Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և միանգամայն կհանդգներ պատիվի դասեր տալ իրեն, բայց առաջին վայրկյանեն Սերգիս տեսակ մը պատկառանք ազդած էր իրեն․ բաց աստի կըզգար, որ երիտասարդը գուցե իրավունք ուներ, կրնար գայթակղություն մը ծագիլ, որուն մեջ իր անունն ալ խառնվեր։ Եվ ներկա փափուկ միջոցին այդպիսի բան մը աղեկ չպիտի ըլլար իր համբավին համար։ Ատիկա նոր զենք մը պիտի հայթայթեր Անթառամի և Տ. Միքիաս քահանայի ձեռքը, ուստի պահ մը խորհելե ետքը, շատ ավելի մեղմ, գրեթե անույշ ձայնով մը ըսավ.

− Տղաս, հիմա քեզի որոշ խոսք մը չեմ կրնար տալ, մեյ մը Թաղական Խորհուրդին ատենապետը տեսնեմ, եթե կարելի է բան մը ընել, կընենք… դուն ատ Հաճի Թումիկը ղրկե, անոր հետ ալ տեսնվիմ։

− Այո՞, բայց կորսնցնելու ժամանակ չի կա,− առարկեց Սերգիս,− երկու օրեն մարդիկը պիտի գան զիրենք տանեն հանելու համար։

− Դուն հոգ մի ըներ, ես այս իրիկունը կտեսնեմ…

− Ուրեմն շատ շնորհակալ եմ ձեր ազնվութենեն և կհուսամ, որ ասկե ետքը ալ լավ բարեկամներ կըլլանք։

Ղուկաս էֆենտի, առանց պատասխանելու, գլխու անորոշ շարժում մը ըրավ։ Երիտասարդը ոտքի ելավ և մնաս բարով ըսելով մեկնեցավ։

Սերգիս սկսած էր կասկածիլ վաճառականին մեղմ ու հաշտարար լեզվեն, կվախնար, որ պարզապես զինքը խաբած չըլլար, խոստանալով Թաղական Խորհրդի ատենապետին խոսելու։ Ղուկաս էֆենտիի ընթացքը այնքան տարօրինակ թվեցավ իրեն, որ նույնիսկ որոշեց Հաճի Թումիկի չըսել, որ էֆենտին զինքը տեսնել կփափաքի, վախնալով, որ կրնա ոևէ կերպով գինեպանին միտքը փոխել․ և այս ենթադրության մեջ շատ ճիշտ էր երիտասարդը, քանզի հազիվ իր քովեն հեռացած, Ղուկաս էֆենտի ինքնիրեն սկսավ մտածել.

− Թող մեյ մը ես այդ Հաճի Թումիկին հետ տեսնվիմ, ձեռքը քանի մը ոսկի ալ դնեմ, անկե ետքը կտեսնվինք, թե ո՞վ ստորագրություն ետ կառնե եղեր, ո՞վ արգելք կըլլա եղեր այդ բոզին ու սրիկային տուներնեն դուրս նետվելնուն։ Այս երիտասարդը կերևա, որ պարզապես Սաթենիկի մյուշտարիներեն է, ատոր համար ելեք պաշտպան կկայնի կոր․․․