− Միայն թե,− ավելցուց Ղուկաս էֆենտի,− կետի մը մասին ես համաձայն չեմ տիկին Անթառամի հետ։
− Ճանըմ, պզտիկ անհամաձայնություն մը ըլլա նե՝ դյուրին է, կկարգադրենք,− աճապարեց ըսել Տ. Միքիաս։
− Այսինքն թե,− առաջ տարավ Ղուկաս էֆենտի,− ինձ այնպես կերևա, որ տիկին Անթառամի համար խնդիրը խաղաղությամբ կարգադրելու միակ միջոցն է հարսնիքը կատարել անպատճառ, որով միայն կարելի է մեջտեղ եղած խաղքությունը վերջացնել։
Ղուկաս էֆենտի մասնավորապես շեշտած էր անպատճառ խոսքը։
Տ. Միքիաս և Տիկին Անթառամ այս հայտարարության վրա ափ ի բերան մնացին։
− Բայց, Ղուկաս էֆենտի,− կակազեց քահանան,− ինչպե՞ս կարելի է այդ տեսակ բան մը… փոխանակված խոսքերեն ետքը։
− Այդ խոսքերը կարևորություն չունին, ան մեզի ըսավ, մենք ալ անոր ըսինք, ֆիթ եղանք․․․ այս ամուսնությունը պետք է կատարվի, ես աս գիտեմ… ուստի տիկին Անթառամ, կխնդրեմ, որ ալ ասկե ետք վերջ տաք այդ տեսակ խոսքեր ընելու և լեզունիդ կզսպեք, մինչև որ հարսնիքը ընենք լմընցնենք… հակառակ պարագային ես ալ պիտի ստիպվիմ ձեր վրա բոլոր գիտցածներս մանրամասնորեն մեջտեղ հանել, և եթե հարկ ըլլա թերթերուն մեջ ալ հրատարակել… «Թոփ Գաբուցի պայրաքտար Սուրբիկի աղջկան շահատակությունները» վերնագրով։ Չմոռնամ ըսելու, որ ձեր հանգուցյալ ամուսնույն մտերիմ բարեկամը, ոսկերիչ Հակոբ աղան, տակավին ողջ է և հատուկ բարևներ ունի ձեզի… ուրեմն առայժմ մնաք բարով։
Եվ Ղուկաս էֆենտի ոտքի ելավ մեկնելու համար․ տիկին Թագուհի ինքն ալ ոտքի ելած էր, իսկ տիկին Անթառամ, այլայլած, անէացած, տեղեն շարժվելու կարողություն չուներ։
Երբ տեր և տիկին Կելկիթյան սենյակեն դուրս ելան, Տ. Միքիասին դառնալով, հետո անոր ականջին ծռելով փսփսաց.
− Իշտե ես մարդուն մարը ասպես… կլացունեմ։
Երբ տեր և տիկին Կելկիթյան սենյակեն դուրս ելան, Տ. Միքիաս և տիկին Անթառամ պահ մը լուռ մնացին։
Քահանան սիկարեթ մը ոլորելով հանդերձ կնայեր Անթառամին երեսը, որ ամոթահար, աչքերը վար հառած, չէր համարձակեր իր դավակցին նայելու։