Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրեն ամեն խոսքերուն, այլ, ընդհակառակը, սկսավ երկարորեն խոսիլ հարսնիքի մանրամասնություններուն վրա։

Վերջապես հեռավոր սուլոց մը իմացուց կառախումբին գալուստը. ճամփորդները դիմավորել եկող բազմությունը սկսավ խուժել քարափին վրա ու անոր երկայնքը շարվիլ. տիկին Անթառամ և Ղուկաս էֆենտի քով քովի կեցած էին, իբր թե աշխարհի լավագույն բարեկամները ըլլային, իսկ Ռոզիկ քիչ մը անդին աչքերը հառած էր մոտեցող կառախումբին վրա, երջանիկ ու սրտատրոփ։ Ու ահա վերջին շչյուն մը արձակելով, կառախումբը հևալով ու ֆշշալով մտավ կայարան։

− Ահա Լևոնը,− գոչեց Ռոզիկ ցնծագին, նշմարելով իր նշանածը, որ առաջին կարգի վակոնի մը պատուհանին առջև կեցած էր, խուզարկու ակնարկը չորս կողմ պտտցնելով։ Ինքն ալ իր կարգին տեսեր էր մանկատի աղջիկը։

− Ռոզիկ, ի՞նչպես ես, աղե՞կ ես,− կպոռար պատուհանեն։

Րոպե մը ետքը իրարու գիրկն էին։

Լևոնի համար հաճելի անակնկալ մը եղավ տեսնել իր մայրն ու Ղուկաս էֆենտին քով քովի կեցած, զինքը դիմավորելու համար։

Վերջին օրերը իր մորմեն ընդունած մեկ երկու նամակները զինքը շատ վրդոված էին։ Անթառամ սոսկալի կերպով լարված կթվեր այդ նամակներուն մեջ Կելկիթյաններու հանդեպ։ Նույնիսկ իր տղուն կզգացուներ, թե ծրագրված ամուսնությունը անկարելի էր կատարել կարգ մը պատճառներով, զորս պիտի բացատրեր Լևոնին Պոլիս հասնելուն։ Այդ խորհրդավոր խոսքերը զինք քիչ մը տակնուվրա ըրած էին։ Իրավ է, որ ինք որոշած էր անպատճառ ամուսնանալ Ռոզիկի հետ, առանց դրամօժիտի կամ ուրիշ երկրորդական դժվարություններու կարևորություն տալու, սակայն եթե իրավցնե այդ միության դեմ լուրջ ու անակնկալ արգելքներ ըլլային. ինչ պիտի ըներ։ Եվ ճամփորդության ամբողջ տևողության միջոցին իր միտքը չարչարած էր գուշակելու համար մոր ակնարկած պատճառները։

Եվ ահա հիմա կայարան հասնելով, կտեսնար, որ մայրն ու Ղուկաս էֆենտի, ինչպես նաև իր նշանածը, քով քովի իրեն կըսպասեին։

Իր առաջին տպավորությունը այն եղավ, թե իր մայրն ոևէ մեքենայության մը զոհ գացած է պահ մը, և թե հետո, իր սխալմունքը