Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լևոն երբ հասավ նշանածին տունը, Ռոզիկ արդեն շնորհալի արդուզարդ մը ըրած կազմ ու պատրաստ իրեն կսպասեր, վարի սալոնը։

− Ի՞նչպես եղավ մայրդ,− հարցուց աղջիկը։

− Աղեկ է․ բան մըն ալ չունի,− պատասխանեց երիտասարդը զվարթորեն,− երեկ գիշերվան հանկարծական անհանգստությունը պարզապես կեղծիք է եղեր…

− Կեղծի՞ք,– գոչեց աղջիկը զարմացած։

− Այո, ինծի հետ առանձին մնալու և քո մասիդ բամբասանքներ ընելու համար,– առաջ տարավ Լևոն խնդալով։

Բայց Ռոզիկ նշանածին այս խոսքերեն հուզվեցավ և գույնը նետեց։

− Ես ի՞նչ ըրած եմ իրեն… - մրմնջեց տխուր շեշտով մը։

Երիտասարդը այն ատեն մի առ մի պատմեց իր մոր հետ քիչ առաջ ունեցած խոսակցությունը։ Եվ ի վերջո եզրակացուց.

− Մինչև այս առտու կվախնայի, րր մայրս գուցե ոևէ ծանր հայտնություն մը պիտի ըներ, բայց հիմա տեսա, որ մեջտեղ բան մըն ալ չի կա և ասոր համար շատ ուրախ եմ։

Նայն միջոցին տիկին Թագուհի ներս մտավ և կես ժամի չափ ալ անոր հետ խոսակցելե ետքը, Լևոն և Ռոզիկ դուրս ելան միասին, եկեղեցի երթալու համար։

Ղուկաս էֆենտի առտուն կանուխ արդեն գացեր էր Աղքատախնամի ժողովին նախագահելու համար։

Հակառակ Սերգիսի տված խոստումին՝ Ղուկաս էֆենտի ոևէ դիմում չէր ըրած հանրագրության համար։ Եվ ահա որոշյալ օրը ոստիկանության կողմե եկեր էին խեղճ կինն ու Գարեգինը տունեն հանելու։ Բարեբախտաբար Հաճի Թումիկ նախապես Սաթենիկն ու փոքրիկ աղջիկը իր տունը փոխադրած էր, այնպես որ գործողությունը պարզ ձևակերպություն մը եղած էր, առանց թաղին մեջ գայթակղություն առաջ բերելու։

Եվ սակայն դեպքը մեծ գրգռում հառաջ բերեր էր, մանավանդ հանրագրությունը ստորագրողներուն մեջ, որոնք եկեր, բողոքեր էին Հաճի Թումիկ աղային, ըսելով, որ զիրենք խաղի բերած էր։

Սերգիս նույնպես սասաիկ զայրացած էր Ղուկաս էֆենտիի կողմե խաբվելուն համար, քանզի ինք այնպես հավատացած էր, որ վաճառականը իր խոստումը պիտի հարգեր և պիտի ջանար ոստիկանական միջամտության առաջքը առնել։