Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հաճի Թումիկի գինետան մեջ միակ խոսակցության նյութն էր այս խնդիրը։ Կիրքերը գրգռված էին և գինեպանը կզգար, որ իր ժողովրդականությունը ծանր հարված մը կկրեր։ Պետք էր իր վարկը վերահաստատել։

− Ես այդ Ղուկաս էֆենտիին հախեն պիտի գամ, դուք ալ պիտի տեսնաք,− կորոտար ատեն-ատեն, առանց ինքն ալ գիտենալու, թե ինչ ձևով պիտի կրնար իր սպառնալիքը գործադրել։

Ու իր երեկի հիացողները զինքը կհեգնեին.

Պոլ-պոլ մի նետեր, Հաճի Թումիկ, տեսանք ըրածդ, ամենքս ալ խաղք ըրիր, նամուսնիս փարայի մը եղավ… բոլոր լսողները վրանիս կխնդան կոր։

Եվ իրավ, թաղին մեջ հանրագրությունը ստորագրողներուն դեմ հեգնությունները անպակաս էին, մանավանդ Հաճի Թումիկի ընթացքը շատ մը ծաղրաբանությանց ու չարախոսությանց տեղի կուտար։ Իբրև անպարկեշտ՝ կնոջ մը դեմ հանրագրություն պատրաստելե ետքը, այդ կինը հովանավորությանը տակ առած էր ու իր տան մեջ հյուրընկալած։ Այս տարօրինակ հակասությունը շատ մը խոսքերու տեղի կուտային։

Գարեգին, տունեն ելլալեն ետքը, առժամապես Սերգիսի սենյակը փոխադրված էր և իր բարեկամը որոշած էր, որ հոն մնա, մինչև պաշտոնի մը մտնալը։

Երկու բարեկամները անբաժան էին իրարմե, և որովհետև Սերգիս կշարունակեր ամեն երեկո Հաճի Թումիկի գինետունը հանդիպիլ՝ Գարեգին ալ կընկերանար անոր։

Սերգիս և Թումիկ տեսակ մը սերտ ընկերակցություն կազմած էին, զինակցություն մը ընդդեմ Ղուկաս էֆենտիի, որովհետև երկուքին ալ արժանապատվությունը վտանգվեր էր անոր պատճառով ։ Ու գաղտուկ խորհրդակցություններ կկատարեին իրարու հետ, որոնց ինչ ըլլալուն մասին նույնիսկ Գարեգին տեղեկություն չուներ։

Երբոր այս մասին Սերգիսի հարցում ուղղեր էր, երիտասարդը խորհրդավոր կերպով մը պատասխաներ էր.

− Քիչ մը սպասե, կիմանաս, վերջին խնդացողը աղեկ պիտի խնդա, կըսեն ֆրանսացիները։

Իրիկուն մը, երբ գինետան մեջ բարձրագոչ վիճաբանություն մը կընեին կրկին հանրագրության առթիվ, որուն միջոցին հաճախ կհեղհեղվեր Ղուկաս էֆենտիի անունը, մարդ մը, որ առանձին