Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարապ մտածումներ են, ինչպես ըսի, այդ աղջիկը օր մը չէ նե օր մը փորձանքի մը պիտի գա ու թշվառության մեջ իյնա, մինչդեռ ինծի պես մեկու մը պաշտպանության տակ՝ գոնե նյութապես կօգտվի… եկուր չէ մի ըսեր, Միքայել աղա, դու պատվավոր մեկը կերևաս կոր, ես քեզ շատ սիրեցի և եթե կներես, քեզի նվեր մը պիտի ընեմ, զոր չպիտի մերժես։

Եվ վաճառականը գրպանեն հինգ ոսկինոց թուղթ մը հանելով, իր խոսակցին ձեռքը սահեցուց, հետո կրկին նորոգել տվավ օղիները և անտարբեր կերպով մը ըսավ.

− Ե՞րբ աղջիկը կրնաս տանիլ Վառվառին տունը, վաղը կամ երեքշաբթի օրը կըլլա՞…

− Զինքը չտեսած բան մը չեմ կրնար ըսել, էֆենտիս,− պատասխանեց Միքայել աղա, որ հինգ ոսկինոց թուղթեն շլացած, այլևս լռեցուցած էր ամեն խղճահարություն։

− Ուրեմն հիմա մեյ մը հանդիպե տուներնին, տված ոսկիս իրենց հանձնե և իմացիր, թե ե՞րբ կրնա գալ հետդ այդ տունը․ ավելի աղեկ կըլլա, որ երեքշաբթի օրը բերես, որովհետև վաղը փոսթայի օր է, շատ գործ ունիմ… ես վաղը իրիկուն հոս կսպասեմ և քենե որոշ լուր մը կառնեմ։

− Շատ աղեկ, էֆենտիս։

Եվ այս համաձայնության վրա մեյ մեկ գավաթ ևս պարպեցին ու մեկնեցան։

Հետևյալ իրիկուն Միքայել աղա որոշյալ ժամուն եկավ գտավ վաճառականը։

− Երեկ գացի, ոսկին տվի, ձեռագործին համար ալ խոսեցա, շատ աղեկ ըսավ, հետևաբար վաղը կեսօրին մոտ պիտի երթանք Վաովառին տունը… բայց էֆենտի, այս գործը, շիտակը ըսեմ, քիչ մը խղճիս կդպչի կոր…

− Օղի մը խմե,– պատասխանեց Ղուկաս էֆենտի, ծառան կանչելով ու պետք եղածը ապսպրելով։

− Հիվանդը ինչպե՞ս է,− հարցուց վայրկյան մը լռելե ետքը։

− Երեկ քիչ մը աղեկ էր, երբոր ոսկին իրեն հանձնեցի, շատ շնորհակալ եղավ և երկար բարակ աղոթքներ ըրավ։

− Աղջիկը դժվարություն ցուցո՞ւց հետդ գալու համար։

− Այո, ինք չէր ուզեր կոր գալ, բայց երբոր ըսի Ղուկաս