ճանչնար։ Անմիջապես ամեն բան կռահեց և զգաց այն պժգալի դերը, զոր վաճառականը կուզեր խաղցնել իրեն։
Մեկեն ի մեկ չպատասխանեց, գլուխը քերեց և առջևը գտնված օղիի գավաթը պարպեց։ Հետո, շեշտակի Ղուկաս էֆենտիի նայելով ըսավ.
− Ատ Վառվառ հանըմը կճանչնամ, տունն ալ գիտեմ…
Եվ այս խոսքերը արտասանեց այնպիսի շեշտով մը, որ կհայտներ, թե թափանցած էր վաճառականին բոլոր մութ խորհուրդներուն։
− Էյ, ավելի աղեկ,− պատասխանեց մյուսը շնականորեն,− քանի որ տունը գիտես ու տանտիրուհին ալ կճանչնաս կոր…
Պահ մը կրկին լռեցին երկուքն ալ։ Ղուկաս էֆենտի օղի և նոր աղանդեր ապսպրեց, մինչ Միքայել աղայի ներսիդին խուլ պայքար մը տեղի կունենար։
Ի՞նչ դիրք պետք էր բռնել այդ հարուստ ու ազդեցիկ էֆենտիին հանդեպ։ Եթե խնդիրը իր հսկողության հանձնված երիտասարդ այրիի մը կամ կնոջ մը վրա ըլլար, անշուշտ չպիտի վարաներ և անմիջապես հանձնառու պիտի ըլլար ձեռքեն եկած բարյացակամ օժանդակությունը նվիրելու Ղուկաս էֆենտին գոհ ձգելու համար։ Հայց Շուշանիկը կույս աղջիկ մըն էր և այս բանը զինքը կշփոթեցներ, կվարանեցներ։ Ոչ այնչափ խղճահարութենե կտանջվեր, որքան հավանական վտանգներե, իր անունը անպատվելու վախեն, որովհետև մինչև այն ատեն ընդհանուրին համար իբրև պատվավոր մեկը ապրած էր, իր ամոթալի մեղսակցությունները շատ սահմանափակ սահմանի մը մեջ ի գործ դրած էր։
Մյուս կողմե, առաջարկված գործը հրապուրիչ էր և անով պիտի կրնար հարուստ վաճառականին մտերմությունը ընդմիշտ ապահովել։ Եղեռնի մը մեջ իր մեղսակցությունը իր ձեռքին մեջ զենք մը պիտի ըլլար, որմե միշտ պիտի կրնար օգտվիլ։ Ղուկաս էֆենտին իր ափին մեջ պիտի առներ վերջապես և Ղուկաս էֆենտիի պես մեկը իր ափին մեջ ունենալը պզտիկ բան մը չէր։
Ու խեղճ Միքայել աղա տատանյալ ու վարանոտ կմնար։
− Միքայել աղա, սա գավաթը չպարպե՞ս,− ըսավ Ղուկաս էֆենտի իր ընկերոջ։
Հետո, անուշ, փաղաքշական ձայնով մը։
− Իս մտիկ ըրե, միտքեդ անցածը կգուշակեմ կոր, ինչպես որ դուն ալ իմ դիտավորությունս գուշակեցիր, բայց բոլոր ատոնք