Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


− Էյ, աղջիկը բան մը չըսա՞վ։

− Չէ, իրեն ըսի, որ եթե գործը ատենին լմնցնե, իրեն երեսուն ղրուշ պիտի տամ, ասոր վրա, գլուխը կախեց, կարել սկսավ։

Ղուկաս էֆենտի գրպանեն ոսկի մը հանեց և Վառվառին տալով.

− Շնորհքով կերակուր մը բերել տուր մեզի, քանի մը շիշ ալ աղեկ գինի ու գարեջուր,− ըսավ։

Տանտիրուհին դրամը առավ ու գնաց էֆենտիին հրամանները կատարելու։

Վաճառականը շիտակ սանդուխեն վեր ելավ և ուղղվեցավ այն սալոնը, ուր կգտնվեր Շուշանիկը։

Աղջիկը մտազբաղ կար կկարեր, երբոր՝ դուռը բացվեցավ՝ Ղուկաս էֆենտի սեմին վրա երևցավ ժպտուն դեմքով։ Շուշանիկ՝ շփոթած անմիջապես ոտքի ելավ, մինչ վաճառականը փայփայիչ ձայնով մը կըսեր.

− Գործդ նայե, աղջի՛կս, ես օտարական չեմ, ես ալ այս տունեն եմ։

Հետո, քովը մոտենալով հարցուց.

− Մայրիկդ, ինչպե՞ս, է, աղեկ է իշալլահ․․․

− Շնորհակալ եմ, այսօր երեկվընե աղեկ է։

− Դեղի, ուտեստի պակասություն մը չունի լա…

− Չէ, ձեր մեծության շնորհիվ, բանի մը պետք չունի,– պատասխանեց աղջիկը շիկնելով։

Ղուկաս էֆենտի, աղջկան դեմ, թիկնաթոռի մը մեջ բազմեցավ, սիկարեթ մր վառեց, ու սկսավ պիշ-պիշ դիտել իր զոհը, որ գլուխը կախած, լրջորեն իր ձեռագործը կկարեր, համոզված ըլլալով, որ իրավցնե ստիպողական գործ մըն էր իրեն հանձնված։

Շուշանիկ իր այդ դիրքին մեջ իրավամբ պաշտելի էր, ու վավաշոտ վաճառականն իր աչքերով կլափեր զայն։ Իր գեղեցկությունը թարմ անմեղության հրապույրին հետ ուներ նաև զգլխիչ հմայք մը, իր սև ու վառվռուն աչքերովը։ Լեցուն մարմինը, ճերմակ մորթն ու վարդագույն այտը կարող էին ամենեն անզգա մարդիկն անգամ խռովելու։ Իր առատ ու հոյակապ սև մազերը, որոնք շնորհալի կերպով վեր առած էր, ալ ավելի կկատարելագործեին իր գեղեցկությունը։ Ինչ որ ամենեն ավելի զարմանք ու