Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիացում կպատճառեր վաճառականին, Շուշանիկի շնորհալի ձևերը, նիստն ու կացն էր, իբր թե հարուստ ու վայելուչ միջավայրի մը մեջ ապրած ըլլար։

Ղուկաս էֆենտի, առանց կարենալ հանգիստ գտնելու, անընդհատ սիկարեթ կծխեր ու կջանար հանդարտեցնել իր զգայնական ցանկությունը, որ զինքը կդրդեր անասնական թափով մը աղջկան վրա նետվելու…

− Էֆենտիս, քեզի մինակ ձգեցի, կներես,− ըսավ Վառվառ հանըմ, սենյակեն ներս մտնելով։

− Հոգ չէ, հոգ չէ, դուն գործդ նայե,− պատասխանեց վաճառականը,– ի՞նչ ըրիր, կերակուրդ պատրաստեցի՞ր…

− Կես ժամեն պատրաստ կըլլա… եթե կուզես, մինչև ճաշի ատենը մեյ մեկ օղի խմենք։

− Աղեկ կըլլա,− հավանեցավ վաճառականը, որ կուզեր քիչ մը գլուխը տաքցնել։

Վառվառ դուրս ելավ և վայրկյանե մը վերադարձավ ճոխ աղանդերներով զարդարված օղիի ափսեով մը։

− Աղջկան ըսե, որ գործը թող ձգե տե՝ քիշ մր քովերնիս գա,− փսփսաց Ղուկաս էֆենտի տանտիրուհիին։

Վառվառ փութաց գոհացում տալ էֆենտիին փափաքին և ձայնը բարձրացնելով ըսավ Շուշանիկի.

− Աղջիկս, ալ ցորեկ եղավ, շատ գլուխդ կախեցիր ու հոգնեցար, մնացածն ալ կերակուրեն ետքը կկարես, հիմա քիչ մը քովերնիս նստե ու օղի մը խմե, որ բացվիս։

Մանկատի աղջիկը իրավցնե հանգստի պետք ուներ, բայց և այնպես չուզեց անմիջապես տեղի տալ։

− Հոգ չէ, տիկին, դեռ մինչև ճաշի ատեն կշարունակեմ…

− Չըլլար, խոսք մտիկ ըրե,− ըսավ Վառվառ կես հանդիմանական ձայնով մը։

Աղջիկը կարը թողուց։

− Եկուր օղի մը առ…

− Ոչ, տիկին, շնորհակալ եմ։

− Եկուր օղի մը խմե, աղջիկս,− երկրորդեց Ղուկաս էֆենտի։

Շուշանիկ չուզեց իրենց «բարերար»-ին հրավերը մերժել և գնաց Վառվառին քով նստելու։

Շնորհիվ Ղուկաս էֆենտիի և Վառվառի սիրալիր մտերմության,