Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղջիկը, որ մինչև այն ատեն շատ ամչկոտ դիրք մը բռնած էր, սիրտ առավ և սկսավ խոսակցության մասնակցիլ, նույնիսկ իրեն եղած ստիպումներուն վրա քանի մը գավաթ ալ օղի խմեց։

Հետո, վերջապես ճաշի վայրկյանը հնչեց, երեքը միասին վարի հարկը իջան և սեղան նստան, արդեն կեսօրը ժամ մը անցած էր ու ամենքն ալ անոթի էին, և Շուշանիկ հաճույքով մասնակցեցավ ճոխ սեղանին։

Քանի մը գավաթ ճերմակ գինի բոլորովին զվարթացուցին զինքը և սկսավ շաղակրատել, ծիծաղել ու կատակել, ինքն ալ զարմանալով իր հանդգնության վրա։

Երկու ժամե ավելի անցուցին սեղանատան մեջ, հետո կրկին վերադարձան սալոն, և աղջիկը ուզեց վերսկսիլ իր ձեռագործը, բայց Վառվառ արգիլեց.

− Կերած խմած կար կարելը աղեկ չէ, աղջիկս, քիչ մը նստե հանգիստ ըրե։

− Բայց տիկին, ըսիր, որ գործը ստիպողական է…

− Վնաս չունի, քիչ մը ավելի կմնաս հոս ու կլմնցնես… եթե ժամանակը շատ ուշ ըլլա, ես քեզի մեր սպասուհիին հետ կառքով մինչև տունդ ղրկել կուտամ։

− Արդեն Միքայել աղան պիտի գա զիս տանելու,− դիտել տվավ Շուշանիկ։

− Միքայել աղան կամ սպասուհին միևնույն բանն է։

Աղջիկը, որ արդեն չափազանց կերած ու խմած ըլլալով, աշխատելու տրամադրություն չուներ, շատ դժվարություն չհարույց։

Սակայն ժամ մը հանգիստե ետքը, Ղուկաս էֆենտիի մեկ խորհրդավոր ակնարկին վրա, Վառվառ ըսավ մանկատի աղջկան.

− Ադջիկս, եկուր քեզի դիմացի սենյակը տանիմ ու հոն հանդարտ գլխով կարդ կարե, լմնցուր։

Այն սենյակն, ուր տանտիրուհին աոաջնորդեց Շուշանիկը, մութ ու ընդարձակ սրահ մըն էր, թանձր վարագույրներով ծածկված և երկու պատուհաններով, որոնք նեղ լուսամուտի մը վրա կբացվեին։

Սենյակին մեկ անկյունը կար խոշոր անկողին մը, որուն ոտքերուն տակ փռված էր ոչխարի մորթե ծածկույթ մը։ Մեկ քանի թիկնաթոռներ, բազմոց մը և դարակ մը, որուն վրա հայելի մը կբարձրանար՝ ամբողջ կահ կարասին կկազմեին։

Շուշանիկի վրա տխուր ու անախորժ տպավորություն մը ըրավ