− Ճանըմ, աս հիմիկվան նշանածները ինչ զարմանալի են, վայրկյան մը իրարմե հեռու չեն կրնար կոր մնալ, մեր ատենը այդպես չէր․․․
Ղուկաս էֆենտի վստահաբար գիտեր, որ հոն եղողները իմացած էին իր մասին տարածված լուրերը և ասոր համար այդ բացատրությունները հարկ դատած էր տալու։
Հարգելու համար իրենց նախագահին կամքը, ժողովականները սկսան ներկայացող նպաստընկալներու գործը շուտ-շուտ կարգադրել և կնճռոտ հարցերը հաջորդ նիստին թողուլ։
Ղուկաս էֆենտի միջոց մը ժամացույցը նայեցավ և դռնապանը կանչելով ըսավ.
− Գնա նայե արարողությունը լմննալու մո՞տ է։
Դռնապանը վերադարձավ հաստատական պատասախան մը բերելով։
− Ուրեմն, էֆենտիներ, ալ վերջացնենք ու վար իջնանք,− ըսավ վաճառականը։
Իր դիտավորությունն էր՝ հոն, եկեղեցիի բակին մեջ բազմության դուրս ելած միջոցին, դիմավորել աղջիկն ու փեսացուն և ասոնց հետ միասին հաղթապանծ դուրս ելլել, ամենուն աչքին առջև։
Ժողովականները ոտքի ելան ու մեկնելու պատրաստվեցան։
Միքայել աղա պահ մը մոտեցավ Ղուկաս էֆենտիին ու ականջն ի վար կամացուկ մը փսփսաց.
− Էֆենտի, սա պառավին նորեն նպաստ մը կապեինք ու այսօր ալ ձեռքը քանի մը ղրուշ տայինք… քիչ մը առաջ դուրս ելա, վարը եկեր կսպասեր կոր։
− Ո՞ր պառավը,− հարցուց վաճառականը։
− Իշտե սա Շուշանիկին մայրը…
− Քեզի չըսի՞, որ ատոնց խոսքը մեյ մըն ալ չպիտի ընես,− պատասխանեց Ղուկաս էֆենտի, հոնքերը պռստելով։
Միքայել աղա լռեց։
− Կերթանք կոր, անանկ չէ՞,− գոչեց էֆենտին բարձրաձայն, սենյակեն դուրս ելլելով։
Եվ վեհափառորեն սկսավ վար իջնել սանդուխեն, իր ետևը ձգած մյուս ժողովրդականները։
Բակին մեջ անսովոր բազմություն մը կար։ Հաճի Թումիկի գինետան բոլոր հաճախորդները ամբողջությամբ հոն էին, շրջապատած