իրենց պետը, որ բանկալին մոտերը կեցած էր, իր քով ունենալով Սերգիս Սմբատյանն ու Շուշանիկի մայրը։
Ժողովուրդը արդեն սկսած էր դուրս ելնել եկեղեցիեն։
Հանկարծ ստենտորյան ձայն մը հնչեց բակին մեջ։
− Էֆենտի, ինչո՞ւ սա կնկան ամսականը կտրեցիք…
Հաճի Թումիկն էր, որ Ղուկաս էֆենտիի կուղղեր այս խոսքերը։
Վաճառականը արհամարհական նայվածք մը ուղղեց գինեպանին և ըսավ.
− Ժողովքը լմնցավ, եթե ըսելիք մը ունիս գալ շաբթու հոն ներկայացիր և ըսե։
Եվ ուզեց ճամփան շարունակել, սակայն Հաճի Թումիկ կեցուց զայն։
− Ինծի նայե, էֆենտի,− գոչեց,− մենք անանկ ժողով մողով չենք ճանչնար, սա խեղճ կնկան ամսականը ինչո՞ւ կտրեցիք, անոր պատասխան տվեք։
Մյուս ժողովականներն ուզեցին միջամտել։
− Ճանըմ, հոս տեղը չէ, կիրակի օր մը եկեք, բողոք մը ունիք նե՝ կնայինք…
Բայց արդեն ուրիշ կողմերե ալ ձայներ կբարձրանային, նախատական ու սպառնալից։
Նույն միջոցին եկեղեցիին դռան մեջ երևցան Լևոն ու Ռոզիկը, որոնք այդ ամբոխին կնայեին, առանց անցած դարձածը հասկնալու։ Հոն էր նաև տիկին Անթառամ, որ ինչպես գիտեք, եկած էր Տ. Միքիասի հետ խորհրդակցելու և հետևյալ օրվան համար զայն հրավիրելու պանդոկ։
Ղուկաս էֆենտի, շփոթված ու շլմորած, ակնարկը ժուռ ածեց չորս բոլորտիքը, տեսավ իր աղջիկն ու փեսացուն, ինչպես նաև Անթառամ հանըմը, որուն դեմքը կարծես տարօրինակ խնդությամբ մը կճառագայթեր։
Այն ատեն հուզումի ու բարկության կեղծ թափով մը գոչեց․
− Ի՞նչ խայտառակություն է աս, տեֆ ըրեք սա անամոթ մարդիկը, գինո՞վ են ինչ են… ծո՛, Կարապե՛տ, բոլիս մը կանչե՞ս…
− Անամոթ խայտառակը դուն ես,− գոռաց կրկին գինեպանին ձայնը,− եթե մարդոցմե չես ամչնար, աստուծմե ալ չե՞ս վախնար… ի՞նչպես այս խեղճ կնկան տասնըութը տարեկան աղջիկը