Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սիրքեճիի կողմը, աղտոտ սրճարանի մը անկյունը։ Հոն Ռոզիկ գրեց այն երկտողը, զոր հետևյալ օրը տիկին Թագուհի պիտի ընդուներ և զոր Լևոն հանձն առավ մեկու մը ձեռքով ղրկել Ղուկաս էֆենտիի տունը, իրենց ճամփա ելլելեն ետքը։

Իրիկվան դեմ վերադարձավ կայարան և որպեսզի իրենց հետքը կորսցնել տան, նախ Սաքրիգյուղի համար մեյ մեկ տոմսակ առին, ուր կհանդիպեր պայմանագրական շոգեկառքը, որպեսզի անկե շարունակեն իրենց ճամփորդությունը։

Բոլոր այս նախազգուշությունները ավելորդ էին, քանզի, ինչպես գիտենք, իրենց ետևեն հետապնդող չի կար, սակայն խեղճ սիրահարները այնքան վախ ունեին իրենց երջանկության սպառնացող վտանգներուն դեմ, որ ամենափոքր զգուշություններն անգամ անտես չէին առներ։

Վերջապես, երբ մութը կոխած էր, պայմանագրական կառախումբը եկավ կեցավ Մաքրիգյուղի կայարանը և մեր երկու փախստականները նետվեցան առաջին կարգի վակոն մը, որուն տոմսակը Սիրքեճիեն գնած էր Լևոն։

Ու երբ վայրաշարժը սուլեց, կառքերը սկսան թավալիլ, այն ատեն Ռոզիկ ու Լևոն, օրվան ահռելի հուզմունքներեն ետքը, առաջին անգամ ըլլալով իրարու գիրկընդխառնվեցան, անակնկալ աղետի մը մեջեն իրենց երջանկությունը փրկած ըլլալու գերագույն երանությամբ։

Եվ ամբողջ ճամփորդությունը մինչև Փարիզ, հիանալի մեղրալուսին մը եղավ։ Երրորդություն եկեղիցիին ահռելի մղձավանջը այլևս գոյություն չուներ իրենց համար, միայն իրենց փոխադարձ սերը կար, որ կսավառներ իրենց գլխուն վրա և կմաքրագործեր ամեն բան, բոլոր այն աղտոտությունները, զորս իրենց ծնողքները գործած էին և որոնց մազ մնացեր էր, որ զոհվեր իրենց երջանկությունը։

Միջոց մը Ռոզիկ խղճահարություն ունեցավ, հիշեց թե հայրը դրամօժիտ մը պիտի տար իր փեսին և ուզեց այս մասին խոսք մէ բանալ Լևոնին, բայց առաջին բառեն իսկ երիտասարդը լռեցուց զինքը։. Եվ այս անշահախնդրությունը ալ ավելի ամրապնդեց իրենց խանդավառ գուրգուրանքը իրարու վրա, այն աստիճան, որ երիտասարդը ատեն-ատեն կկրկներ.

− Շաա աղեկ եղավ այս ամենքը, բոլոր այդ գայթակղությունը, մեր փախուստը, մեր գլուխ գլխի ամուսնությունը, ասով