Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղայի հարազատ զավակը ճանչված է ու անշուշտ այդպես ալ արձանագրված է։

− Ճիշտ նույնը դիտել տվի ես ալ, սակայն այդ կետին մեջ կսխալիք։ Կերևա, որ հանգուցյալ Նիկողոս աղան այնքան վստահ է եղեր այդ զավակը իրմե չըլլալուն և իր պատվույն ալ այնքան նախանձախնդիր, որ երբեք չէ ուզած իբրև իր զավակը ճանչնալ, և տղան ծնելեն ետքը բաժնված է կնոջմեն և քիչ հետո սրտին ցավեն մեռած, իսկ կինը՝ Անթաոամ՝ զավակը առած ու Փարիզ, իր սիրականին, այսինքն տղուն բուն հորը քով գացած հաստատված է։ Այնպես որ Լևոն Կոկիկյանի ծննդյան և մկրտության արձանագիրը անկարելի եղավ գտնել։ Եվ այժմ պատրիարքարանը չկրնար ապօրինի կերպով վկայել Լևոնի համար թե՝ Նիկողոս Կոկիկյանի որդին է, քանի որ այդ մասին ոևէ պաշտոնական արձանագրություն չի կա, կտեսնե՞ք, թե ի՞նչ պելալը գործ մըն է այս… Ես մինչև հիմա ձեր արժանապատվության համար խնդիրը ծածկեցի, բայց եթե անպատճառ թուղթերը պահանջելու ելլեք, հավանորեն ամեն բան մեջտեղ պիտի ելլա։

Քահանան կստեր, երբ կհաստատեր թե Լևոնի ծննդյան և մկրտության արձանագրությունը չէր գտնված և թե Նիկողոս աղա զայն չէր ուզած իբրև իր հարազատ զավակը ճանչնալ։

Սակայն Ղուկաս էֆենտի հավատաց իր տաներեցին խոսքերուն, այնքան բնականորեն պատմած էր եղելությունները, և իրապես խռովեցավ։

Մինչև հիմա պատահած գայթակղություններուն վրա այս նոր գայթակղությունը վճռական հարված մը պիտի տար իր համբավին, իր ընտանեկան բարոյական շպարին։ Հետո, զգաց, թե այդ ամենուն մեջ Տ. Միքիասի մատը կար, ան խառնած խառնշտկած էր գործը, ան հետամուտ եղած էր այդ անցյալը պրպտելու և վերջապես երևան հանել իրողություններ, որոնք կրնային ծածուկ մնալ։

Հիմա ինք իր տաներեցին ճանկին մեջն էր. եթե ընդվզեր, եթե ուզեր ճակատ առ ճակատ կռվիլ անոր դեմ, ապահովաբար Տ․ Միքիաս մեջտեղ պիտի հաներ ամեն բան և իր անունը անգամ մըն ալ պիտի խայտառակվեր։

Եվ անմիջապես իր բռնելիք ընթացքը որոշեց։ Հարկ էր տեղի տալ։

− Այս իրողությունները ամենքն ալ իմացա՞ն Պատրիարքարանին մեջ,– հարցուց։