Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Ընդհակառակը, ոչ ոք գիտե,− պատասխանեց քահանան,– Պատրիարքարանի մեջ, ի բաց առյալ ես ու ինծի հետ ուրիշ քահանա մը, որ այս գործերուն հետամուտ եղավ։

− Ուրեմն կարելի չէ՞ խնդիրը մարել և որևէ կերպով պաշտոնաթուղթերը ձեռք բերել, առանց հին բաները մեջտեղ հանելու։

− Բայց ինչպե՞ս, Ղուկաս էֆենտի։

− Դրամով, տեր հայր, դրամով,− ըսավ վաճառականը բացե ի բաց։

Տ. Միքիաս անմիջապես չպատասխանեց, իր փառավոր մորուքը շոյեց պահ մը, և հետո ըսավ.

− Ղուկաս էֆենտի. կտեսնամ որ անել կացության մը մատնված եք, և որչափ ալ մեջերնիս խնդիրներ անցած ըլլան, չեմ ուզեր ձեզ այդ նեղ դրության մեջ թողուլ և ձեռքես եկածը կընեմ, թե իբրև բարեկամ և թե իբր տաներեց․․․

− Շնորհակալ եմ,− փութաց պատասխանել վաճառականը։

− Բայց համբերություն պետք է, այդ տեսակ գործերը մեկ օրեն մյուսը կարելի չէ գլուխ հանել, բավական սսլասեցիք, քիչ մըն ալ սպասելու եք, մանավանդ շատ աղմուկ հանելու չեք, Պատրիարքարան, Փոխանորդարան իրար անցնելու չեք․․․ միայն թե կարծեմ, նույնիսկ դրամ տալով մեկ քանի մարդոց դյուրավ չպիտի կրնաք հաջողիլ․․․ տարբեր բան, եթե կարենանք զիրենք լի ու լի գոհացնել։

Ղուկաս էֆենտի կռահեց Տ. Միքիասի միտքը և պատասխանեց.

− Տեր հայր, կարճ խոսք մը ըսե՞մ, քեզի տասնհինգ օր ժամանակ և երկու հարյուր ոսկի, ատ թուղթերը քու ձեռքովդ պատրաստել տուր և ինծի բեր. հարյուր ոսկին, վաղը գրասենյակ հանդիպե, տամ, մնացած հարյուր ոսկին ալ թուղթերը բերած օրդ կառնես, եղա՞վ, համաձայնեցա՞նք։

Հաղթական նշույլ մը շողաց քահանային աչքերուն մեջ։ Փառավոր մորուքը կրկին շոյեց պահ մը և ըսավ․

− Լավ, այս ծառայությունը պիտի մատուցանեմ քեզի, ցույց տալու համար, որ ինձ հետ թշնամաբար վարվողին ես ալ բարեկամությամբ կփոխարինեմ։

− Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, ալ անցածը մոռնանք և