Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ըրած էր, որոնց մեջ գտնված էր ինքը։ Գիտեր որ աչքը բաց երիտասարդ մըն էր, վարպետորդի և անխղճահար։

Պ. Սիսակ ժպտուն, ակնածալի դեմքով ներս մտավ և խորին հարգանքով բարևեց վաճառականը։

− Ի՞նչ կա,− հարցուց վաճառականը երիտասարդին, որ ակնոցը կշտկեր։

− Էֆենտիս, կներեք եթե համարձակեցա ձեղ անհանգիստ ընել, բայց…

− Հոգ չէ, նստե տեսնենք, ի՞նչ է ըսելիքդ։

Քարտուղարը կրկին խորին բարև մը տվավ և աթոռի մը ծայրը կծկվեցավ, փեշը փեշին վրա գոցած և երկու սրունքները քով քովի սեղմած, սուստա կեցող պզտիկ շունի մը տագնապալից դիրքովը։

Ղուկաս էֆենտի սպասեց, որ քարտուղարը բացատրեր իր այցելության շարժառիթը, բայց մյուսը, առանց բառ մը արտասանելու, քարացած էր իր ակնածական դիրքին մեջ։

− Էյ, ի՞նչ է ըսելիքդ նայինք,− գոչեց Ղուկաս էֆենտի անհամբեր։

− Էֆենտիս, իմացա որ մեկ երկու պաշտոնաթուղթերու պետք ունիք եղեր, որոնց մասին դժվարության հանդիպեր եք, գործին անծանոթ մարդոց պատճառով, մինչդեռ այս տեսակ վավերաթուղթերը մեկ երկու օրվան մեջ կարելի է պատրաստել…

− Այո, անանկ բան մը կա,− պատասխանեց վաճառականը,– աղջկանս և Լևոն Կոկիկյանի ծննդյան և ամուսնացած չըլլալուն վկայականներուն պետք ունեցա…

− Գիտեմ, էֆենտիս, բոլոր մանրամասնությունները գիտեմ… եթե մինչև հիմա գործը չէ վերջացած և եթե պետք ունիք, ես երկու երեք օրեն բոլոր թուղթերը կրնամ պատրաստել տալ և ձեզ հանձնել։

− Բայց Լևոն Կոկիկյանի ծննդյան արձանագրությունը չէ գտնվեր եղեր տակավին։

− Սխալ, էֆենտիս, բոլորովին սխալ, բոլորովին սխալ. Նառլը Գաբուի եկեղեցին մկրտված է ու հոն տեղն ի տեղոք արձանագրված։

− Ի՞նչ կըսես,− գոչեց Ղուկաս էֆենտի ճառագայթող դեմքով մը։ Հետո, ակռաներուն մեջեն մոլտաց։