Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պսակ չէ եղած և թե լրագրին մեջ հրատարակվածը Ղուկաս էֆենտիին կողմե հնարված սուտ մըն է»։

Խաբեբայությունը, զոր Տ. Միքիաս կխրատեր ի գործ դնելու, որոշապես հայտնի չէր թե ինչ կերպ պետք էր ըլլար։

Այս մասին թեև ինքը ծրագիր մը հղացեր էր, սակայն նամակին մեջ չէր բացատրեր, սպասելով որ նոր տեղեկություն մը ստանա։ Իր խաբեբայական միջոցը իբրև հետին զենք կուզեր գործածել, երբ ամեն միջոց սպառեր տիկին Անթառամի կողմե։ Այսուհանդերձ այժմեն իսկ պարտք կզգար հողը պատրաստելու, որպեսզի վճռական վայրկյանին Լևոնի մայրը տկարություն ցույց չտա։

Հետևյալ առտու, ցերեկվան մոտ, Տ. Միքիաս փութաց Ղուկաս էֆենտիի քով, որ իր խոստումին հավատարիմ, առանց դժվարության հանձնեց հարյուր ոսկին։

− Միայն թե, տեր հայր,− ավելցուց դրամը համրելու միջոցին,− չըլլա որ հետս օյինի ելլաս, ետքը գեշ մարդ կըլլանք իրարու հետ, հա…

− Ինչպես ըսի, ձեոքես եկածը պիտի ընեմ,− պատասխանեց քահանան, ոսկիները գրպանելով։

− «Ձեռքես եկածը պիտի ընեմ» ըսելը բավական չէ, որոշ խոսք պետք է տաս,− պնդեց Ղուկաս էֆենտի, որ երբեք չէր ուզեր այնքան դրամ իզուր վատնել։

− Վստահ եղիր, պաշտոնաթուղթերը քիչ ատենեն պիտի ունենաք, Ղուկաս էֆենտի,− պատասխանեց Տ. Միքիաս, օձիքը ազատելու համար։

− Այսինքն առ առավելն մինչև երկու շաբաթ։

− Պայմանաժամ չեմ կրնար որոշել, գործը ինձմե կախյալ չէ։

Տ. Միքիասի մեկնելեն ետքը Ղուկաս էֆենտի իր գործին զբաղված էր, երբ ծառան լար թերավ, որ Պատրիարքարանի քարտուղարներեն պ. Սիսակ Մինասյան կուզեր վայրկյան մը տեսնվել հետը։

− Թող ներս գա,– ըսավ վաճառականը։

Պ. Սիսակ Մինասյանի անունը ծանոթ էր Ղուկաս էֆենտիի, քանզի, բացի Պատրիարքարանի քարտուղարութենեն, պ. Սիսակ մեկ քանի հանձնաժողովներու և խորհուրդներու ալ քարտուղարություն