Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լեցված էր Փարիզ բնակող ծանոթ հայերով։ Պսակի արարողութենեն ետքը Լևոնը փառավոր սեղան մը տվավ Մեզոն տ՚Օրի մեջ։ Տիկին Անթառամ չկրցավ պսակին ներկա գտնվիլ, որովհետև շաբաթե մը ի վեր հիվանդ պառկած է, թեև վտանգավոր բան մը չունի։ Մեկ քանի օրեն Լևոնին հետ դեպի Իտալիա զբոսական պտույտ մը պիտի ընենք և ամիսի մը չափ բացակա պիտի գտնվինք Փարիզեն»։

− Վերջապես,− գոչեց վաճառականը հաղթականորեն, և անմիջապես լուր ղրկեց Տ. Միքիաս քահանային, որ անպատճառ իր գրասենյակը հանդիպի հետևյալ օրը։ Սակայն քահանան դեռ չէր վերադարձեր գեղեն և հազիվ շաբաթե մը ետքը, առտու մը կանուխ, եկավ գտավ Ղուկաս էֆենտիին։

− Ի՞նչ լուր, տեր հայր, թուղթերը ի՞նչ ըրիր, արդյոք գյուղ գացիր արձանագրությունները փնտռելո՞ւ,− ըսավ վաճառականը, կեղծ ծաղրածու շեշտով մը։

− Անակնկալ դեպք մը ստիպեց զիս անմիջապես գյուղ երթալու,− պատասխանեց Տ. Միքիաս,− եղբայրս հանկարծ հիվանդացեր էր ծանրապես, նամակ առի ու անմիջապես ճամփա ելա, բարեբախտաբար այժմ բավական լավ է և ես ալ կրցա վերադառնալ։ Հավատացեք, որ շատ կցավիմ այս մասին, սակայն կրնաք վստահ ըլլալ, որ քիչ օրեն, այսինքն մեկ երկու շաբաթեն, թուղթերը կպատրաստվին ու ձեզ կհանձնվին։

− Տեր հայր, քեզ բան մը ըսե՞մ, զուն վազ անցիր այդ թուղթերեն և հարյուր ոսկիս ետ տուր…

− Ինչո՞ւ, ինչպե՞ս,− կմկմաց քահանան դող ելած։

− Թուղթերը ես առի, Փարիզ ղրկեցի, պսակն ալ եղավ լմնցավ,– պատասխանեց վաճառականը։

Տեր Միքիաս՝ շանթահար՝ պահ մը ափ ի բերան մնաց։ Հարվածը այնքան ուժգին էր, որ զինքը սահմռկեցուցած էր։

− Այսպես ուրեմն,− շարունակեց վաճառականը անողոքաբար,– սա հարյուր ոսկին շնորհ ընեիր ետ տալու։

− Հարյուր ոսկին, բայց այդ դրամին մեծ մասը արդեն ծախսեցի,– կմկմաց Տ. Միքիաս։

− Որո՞ւ տվիր,− գոչեց Ղուկաս էֆենտի, ձայնը բարձրացնելով։

− Զանազան անձերու, գործը հաջողցնելու համար։