Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Սուտ կխոսիս, անօրեն մարդ,− պոռաց վաճառականը ոտքի ելլալով,− պարզապես խաբեբա, ավազակ մըն ես, որ զիս կողոպտելու ելեր ես։ Նախ՝ սուտ խոսեցար ըսելով, որ Լևոնի ծննդյան արձանագրությունը չի կա. մինչդեռ կա եղեր, իբրև հարազատ զավակ Նիկողոս աղա Կոկիկյանի… Նառլը Գաբուի եկեղեցիին մեջ և արդեն բոլոր թուղթերը վավերացված քու քովդ են եղեր երկու ամիսե ի վեր ու զիս այդպես կխաղցընես, միմիայն ինե դրամ քաշելու համար… կամ հիմա հարյուր ոսկիս կուտաս և կամ կերթամ ամեն բան կպատմեմ պատրիարքին։

Տ. Միքիաս այս սպառնալիքին հանդեպ պահ մը շփոթած մնաց, բայց շուտով իր պաղարյունությունը գտնելով՝ պատասխանեց։

− Հարյուր ոսկին թեև ծախսեցի այդ թուղթերու համար, այնուհանդերձ եթե անպատճառ պահանջեք, ձեզ կվերադարձնեմ մաս առ մաս, երբոր դրամ ունենամ։ Գալով պատրիարքին ամեն բան պատմելու խնդրին, եթե կուզեք, կրնաք ուղածնիդ երթալ իրեն ըսել։ Ես խղճիս վրա ոեէ բեռ չունիմ և ճակատաբաց պատրաստ եմ բացատրություն տալու, որու որ ըլլա։ Միայն թե ես ալ հավանորեն իմ պատմելիքներս կունենամ և չեմ գիտեր թե երկուքեն որո՞ւն պատմությունը ավելի շահեկան պիտի ըլլա։

Այս անորոշ ակնարկությունները մեղմեցին Ղուկաս էֆենտիի բարկությունը, որ խնդիրը անուշ տեղը կապելու համար ըսավ.

− Տեր հայր, ինծի նայե, ես ալ ձանձրացա ու զզվեցա այս խնդիրներեն, հիմակ ալ ամեն բան լմնցավ, կարգադրվեցավ, հետևաբար այլևս չեմ ուզեր կրկին խնդիրներ ստեղծել։ Հիմա տեսար, որ ինծի հետ գլուխ ելլելը դյուրին չէ, ուստի ալ նայե որ ինծի հակառակ ընթացքներու մեջ չգտնվիս և ես ալ ի փոխարեն կխոստանամ հարյուր ոսկիեն վազ անցնիլ ու ալ քեզմով չզբաղվիլ։ Այս կարգադրությունը գործիդ կուգա՞։

− Ինչ կարգադրություն, որ հանուն հաշտության և խաղաղության կըլլա, ինծի համար ընդունելի է,− պատասխանեց Տ. Միքիաս քահանա քրիստոնավայել խոնարհությամբ մը և վաճառականը ողջունելով դուրս ելավ։

− Էո՜ֆ, վերջապես ամեն ինչ կարգադրվեցավ և պիտի կրնամ հանգստությունս գտնել,− ըսավ ինքնիրեն Ղուկաս էֆենտի, երբ որ առանձին մնաց։