Ղուկաս էֆենտիի տունը, զայն ստիպելու համար, որ դրամական կարևոր նպաստ մը տա։
− Գոնե հինգ հարյուր ոսկի կրնանք բրցնել իրմե,− կվստահեցներ երիտասարդը։
Այդ ահագին գումարը,− հինգ հարյուր ոսկի– հեղաշրջեց Շուշանիկի մայրը, որ սկսավ Սերգիսի առաջարկին ուժ տալ։
Մինչ Շուշանիկ կկրկներ։
− Չէ՛, չէ՛, վայրկյան մը չեմ բաժնվիր զավկես. այդ անխիղճ մարդը կարող է մեռցնել զայն, ավելի աղեկ է, որ մուրալով ապրեցնեմ զավակս, քան թե այդպիսի վտանգներու ենթարկեմ զինքը։– Իզուր երիտասարդը ամեն ապահովություն կուտար աղջկան, ըսելով, որ ինք ու ուրիշները անձամբ պիտի հսկեն, որ մանուկը ոևէ կերպով անհանգիստ չըլլար, թե իրենց ըրածը պարզ ցույց մըն էր, տեսակ մը ներելի շանթաժ՝ այդ անօրեն մարդուն դաս մը տալու և իր ըրած գեշությունը փոխարինելու ու միանգամայն իրենց ապագան ապահովելու համար։
− Չեմ ուզեր,− կպնդեր Շուշանիկ,– թող ըրած գեշությունը աստուծմե գտնա, ես իմ զավակս քովես չեմ հեռացներ։
Համոզելու համար ամեն միջոց սպառելե ետքը, երիտասարդը երբ տեսավ, որ ա՛լ անկարելի պիտի ըլլա խոսք հասկցնել մանկամարդ մորը, տարբեր հնարք մը խորհեցավ։
− Ղուկաս էֆենտի իր զավակը չճանչնար,− մտածեց ինքնիրեն,− ուրիշ տեղե նորածին մը կգտնեմ ու կտանիմ և նորեն գործը կհաջողցնեմ։
Այս միջոցը, որքան որ պարզ կթվեր մեր երիտասարդին՝ իր կարծածին չափ դյուրին չեղավ։ Բավական օրեր ասդին անդին ինկավ գտնելու համար ծնողք մը՝ իր զավակը հանձնելու համար իրեն։
Եվ սակայն ի վերջո հաջողեցավ իր փնտռածը գտնել Թաթավլայի կողմը։
Հույն բազմածին ու աղքատիկ ծնողք մը հավանեցավ իր եռամսյա մանչ զավակը, գրեթե մեկ քանի օր տարբերությամբ հասակակից Շուշանիկի մանչուն, իրեն հանձնել, կամ մանավանդ իրեն վարձել, օրական մեկ ոսկիի փոխարեն։
Նորածինը գտնելե ետքը Սերգիս պատրաստեց այն զամբյուղը, որ իբրև առժամյա օրորոց պիտի ծառայեր մանուկին և իրիկուն մը ներկայացավ նույն ընտանիքին տունը, Հաճի Թումիկի ընկերակցությամբ,