Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որուն պարզած էր իր ծրագիրը և որ խանդավառությամբ իր օժանդակությունը նվիրած էր այդ գործին։ Մեջը տեղավորեցին և կառք մը բերել տալով, ուղղվեցան Ղուկաս էֆենտիին,− ըսելով։

Զամբյուղը բարձով ու վերմակով պատելե ետքը նորածինը մեջը տեղավորեցին և կառք մը բերել տալով, ուղղվեցան Ղուկաս էֆենտիի բնակարանը։

Կես-գիշերին մոտ էր, երբ հասան այն փողոցը, ուր կգտնվեր վաճառականին տունը։ Փողոցին ծայրը կառքեն իջան ու կառապանը ճամփեցին, հետո Հաճի Թումիկ իր թևին տակ առավ զամբյուղը և արագ քայլերով դիմեց դեպի Ղուկաս էֆենտիի տան դուռը։ Բարեբախտաբար նույն միջոցին փողոցը ամայի էր և նորածինն ալ խորունկ կքնանար։

Երիտասարդը նախապես մանկիկին ճիտեն կախած էր նամակ մը, Ղուկաս էֆենտիին ուղղված, որուն մեջ կբացատրեր նորածինին ով ըլլալը։

Գինեպանը վայրկենապես դռան ուռնակեն կախեց զամբյուղը և զայն պինդ մը կապեց, հետո շուտաքայլ եկավ Սերգիսի քով։

− Հիմա ի՞նչ պիտի ընենք,− հարցուց։

− Առանց ինքզինքնիս նշմարել տալու հոս պիտի սպասենք, մինչև որ Ղուկաս էֆենտին ու իր կինը վերադառնան։

− Ի՞նչպես, տունը չե՞ն։

− Ոչ,− պատասխանեց Սերգիս,− առջի իրիկվընե եկա ու ժամերով հսկողություն ըրի, ինչպես որ արդեն մի քանի օրե ի վեր կընեի, սպասելով որ գիշեր մը դուրս ելլեն այցելության երթալու համար ու նույն իրիկունը բերենք մանուկը, որովհետև կուզեմ, որ Ղուկաս էֆենտին ու կինը միասին տեսնեն զամբյուղը։ Այս գիշեր ճաշեն ետքը, մոտակա տուն մը գացին և հավանորեն քիչ ետքը կվերադառնան։ Մենք հիմա այստեղվանքը զատ-զատ կսլքտանք, մինչև որ գան, որպեսզի աչքովնիս տեսնենք, թե ինչ պիտի ըլլա արդյունքը։

− Շատ աղվոր մտածեր ես,− պատասխանեց գինեպանը, որ մեծ հավատք ունենալ սկսած էր իր երիտասարդ բարեկամին հնարամտության վրա,− բայց ասանկ պտտելով կրնանք վրանիս կասկած հրավիրել։ Եկուր սա փողոցի ծայրը գտնվող սրճարանը նստինք, հոնկե անոնց գալը կտեսնենք ու անմիջապես դուրո կելլենք։