կամ դրամաշորթական ձեռնարկի մը զոհ կերթար և այս պարագային իր պարտականությունն էր օգնել անոր։
Երբ վաճառականը առանձին մնաց, նամակը, զոր գետին նետած էր, գետնեն առավ և գրպանը դրավ, հետո սկսավ արագորեն հագվիլ։
− Առ քեզի նոր պելա մը,− կմտածեր ինքն իրեն․− բայց կարծեմ հաջողեցա կինս խաբել ու համոզել, որ ես անմեղ եմ, հիմա կմնա սուսիկ փուսիկ կարգադրել, առանց ձայն դուրս հանելու։
Սենյակեն դուրս ելլալով վաճառականը ուղղվեցավ իր կնոջ մոտ, ստուգելու համար թե իր հրամանը կատարվա՞ծ էր։
− Այո, հիմա ղրկեցի,− պատասխանեց կինը։
− Ուրեմն ես ալ երթամ ու սա թշվառականներուն հախեն գամ,− ըսավ Ղուկաս էֆենտի ու վար իջավ սանդուխներեն։
Երբ Ս․ Երրորդության եկեղեցիեն ներս մտավ, տակավին հոն էր իրենց սպասավոր Հակոբը, որ տղան բանկալը ձգելե ետքը, կպատրաստվեր տուն վերադառնալ։
− Ծո՛, ի՞նչ ըրիր փիճը,− հարցուց վաճառականը իր ծառային։
− Էֆենտի, հոն՝ բանկալը, ժամկոչին քովն է։
− Քահանաներեն ո՞վ կա։
− Տ․ Կիրակոսը։
Տ․ Կիրակոս մութ սանդուխե մը վեր ելավ և մտավ փոքրիկ խուց մը, ուր նստած էին Շուշանիկ և իր մայրը, որոնք ոտքի ելան հյուրը ընդունելու համար։
Սերգիս, որ քահանային հետևած էր, նշանացի հասկցուց մանկամարդ աղջկան թե ինքը դուրսը պիտի սպասեր։
− Ողջույն ձեզ,− ըսավ քահանան։
− Օրհնեցեք, տեր հայր։
− Աստված օրհնե։
− Հրամմեցեք բազմոցին անկյունը։
− Շնորհակալ եմ։
Եվ Տ․ Կիրակոս անցավ ցույց տրված տեղը․ մինչ Շուշանիկ գամբյուղեն դուրս կհաներ նորածինը և գգվելու ու համբուրելու ձևեր կըներ, ինչպես իրեն պատվիրած էր Սերգիս։