Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


− Վա՜յ անամոթ շունշանորդիներ, ասանկ խայտառակությո՞ւն կըլլա, ան ալ ինծի պես մարդու մը, թող լեռը ելլան բացե ի բաց մարդ կողոպտեն ավազակները… ինձ ո՞վ կկարծեն այդ սրիկաները… ատանկ սուտերով աչքս պիտի վախցնեն տե՝ փարա՞ս պիտի առնեն, շունշանորդիներ, կեցիր, ես անոնց հասկցնեմ ով ըլլալս, մեյ մը ձեռքս անցնին այդ խաբեբայությունը գործողները… ամենքն ալ հափիսը չյուրյուտմիշ պիտի ընել տամ, ա՛լ չափը կանցնի կոր…

Եվ Ղուկաս էֆենտի սկսավ վեր վար պտտիլ սենյակին մեջ։ Տիկին Թագուհի շփոթած՝ ամուսնույն կնայեր: Արդյոք իրա՞վ ցած զրպարտության մը զոհ էր։

− Վա՜յ շունշանորդիներ, ասանկ ալ սուտ, տեսնվա՞ծ բան է, հիմա պիտի երթամ ոստիկանության իմաց տամ,− կմռլտար վաճառականը միշտ վեր վար շրջելով:

− Բայց,− համարձակվեցավ դիտել տալ կինը,− նամակի մեջ տեղն ի տեղոք հիշված է ամեն բան…

− Վա՞յ, ըսել է դուն ալ հավատացեր այս գրվածքին,− գոչեց Ղուկաս էֆենտի՝ կնոջը դառնալով։− Աս էր պակաս… Քա՜, ծայրն ի ծայր սուտ է, սուտ, չե՞ս հասկնար կոր, ասանկ օյինով մը աչքս վախցնել ու փարա քաշել կուզեն կոր ինե, բայց իրենց գիտցած ապուշներեն չեմ, ես մարդը բանտարկել կուտամ…

− Սակայն ո՞վ ըրած պիտի ըլլա այս խաղը, ասկե զատ տղան մեջտեղն է…

− Տղան մեջտե՞ղն է մի, միթե փի՞ճ կպակսի. ո՞վ գիտե որո՞ւն փիճն է, բերեր հոս կախեր են… կեցիր նայինք, ամեն բան մեջտեղ կելլե, ես մեյ մը լուր տամ ոստիկանաթան, թո՛ղ քննություն մը բանա տե կտեսնանք, վա՜յ շունջանորդիներ…

Եվ Ղուկաս էֆենտի սկսավ հապճեպով հագվիլ, հետո կնոջը դառնալով հրամայեց.

− Հիմա, անմիջապես տղան զեմպիլին մեջը դիր ու եկեղեցի ղրկե, թող քահանային ալ ըսե, որ ես պիտի երթամ հետը տեսնըվիմ… շուտ ղրկել տուր, քանի հոս պահենք, վրանիս բեռ կընեն… հայտե, մի տնտնար, դո՞ւն ալ գլուխս պելա բանալ կուզես:

Տիկին Թագուհի ստիպվեցավ իր ամուսնույն հրամանը կատարելու համար դուրս ելլել, մանավանդ որ ինքն ալ կսկսեր կասկածիլ անոր անմեղության մասին:

Իրավցնե, գուցե հանցանք մը չուներ և պարապ տեղը թշնամության