Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին վայրկյանեն իսկ, երբ հարցում ուղղվեցավ իրեն, Ղուկաս էֆենտի, Հերմինեի մեջ Ռոզիկի մրցակից մը տեսավ և մանավանդ զորեղ մրցակից մը։ Հասկցավ, որ իրեն բերնեն ելլելիք խոսքերը շատ զգուշավոր, շատ շրջահայաց պետք էր ըլլային, ուստի նախ՝ ուղղակի հարցին չպատասխանեց։

− Ուրկե՞ լսեցիք Կոկիկյանի գալը,− ըսավ։

− Լրագիրը գրեր էր, կարդացինք,− պատասխանեց Աբգար էֆենտի, անտարբեր ձևով մը,− կճանչնա՞ս զինքը։

− Այո… այսինքն առաջուց չէի ճանչնար, Փարիզեն բարեկամ մը հանձնարարած էր, գացի կայարանեն առի, պանդոկ տարի… գործի համար եկեր է. շուտով պիտի երթա։

− Տիկին Զատիկյանը այդ մյուսյու Լևոնի մայրը կճանչնա եղեր, այցելության գացեր է,− մեջ մտավ Հերմինը։

− Այո,− հաստատեց Աբգար էֆենտի,− և անոր ըսեր է, որ տղան կարգելու համար Պոլիս եկեր են։

Հարվածը ավելի ուժգին կերպով իջավ այս անգամ: Ղուկաս էֆենտի պարզապես դող ելած էր, բայց ջանաց իր պաղարյունությունը չկորսնցնել:

− Այդ պառավները բոլոր այդպես են, միշտ տղանին կարգելու խորհուրդներ ունին, ես մանչուն հետ քանի մը անգամ տեսնվեցա, ատանկ բան մը չըսավ…

Հետո պահ մը լռելե ետքը՝ ավելցուց։

− Արդեն ո՞ր շնորհքով ընտանիքը կհանե անմիջապես իր աղջիկը կուտա անծանոթ մեկու մը, նայինք իրավցնե հարո՞ւստ է, ի՞նչ տեսակ մարդ է, բարոյական ունի՞… այդչափ տարի Փարիզ ապրեր է, ով գիտե ինչպես կյանք անցուցեր է… կարելի է հիվանդություն մը ունի:

− Շիտակ է,− դիտել տվավ Աբգար էֆենտի։

Ղուկաս էֆենտի, իր խոսակցին հաստատումեն քաջալերված՝ երկար տեսություն մը ըրավ օտար երկրներե եկող անճանաչ երիտասարդներու աղջիկ տալու վտանգներու մասին։ Ըսավ թե անոնց մեջ հաճախ բախտախնդիր խաբեբաներ կգտնվին, որ իբրև հարուստ ներկայանալով կուզեն վարպետությամբ հարուստ որս մը ձեռք ձգել։

− Ես շիտակը,− եզրակացուց,− մինչև որ երիտասարդի մը ընտանիքը, պատիվը, բարոյականը տեղն ու տեղոք չճանչնամ, աղջիկ չեմ տար իրեն, կուզե նե հարյուր հազար ոսկի ունենա… փարան