Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շուշանիկ հանդարտությամբ,− որովհետև ևս ոչ թուղթ մը կստորագրեմ և ոչ ալ այդպիսի չնչին գումարներ կընդունիմ։

− Ի՞նչ կըսես, աղջիկս, նորե՞ն խելքիդ եկավ,− գոչեց քահանան։

− Առնվազն հինգ հարյուր ոսկի կվճարե քու Ղուկաս էֆենտիդ, եթե կուզե որ մեր դատեն հրաժարինք,− ըսավ Շուշանիկ,− ատկե մեկ ոսկի մը պակաս չեմ ընդունիր։

− Կտեսնամ, որ դու խոսածդ չես գիտեր կոր, կերևա որ չարամիտ մարդիկ ձեզի գեշ խրատներ տվեր են, մեղք որ այսչափ ատեն պարապ տեղը ձեզի հորդոր կարդացի։

− Չարամիտ, բարեմիտ մարդ չկա մեջտեղը, բռնաբարյալ աղջիկ մը կա, որ իր իրավունքը կպահանջե և հինգ հարյուր ոսկին ալ իմ խեղճ զավակիս արդար իրավունքն է։

Շուշանիկ այս խոսքերը արտասանելով՝ ոտքի ելավ, մանկիկը առավ և սենյակեն դուրս ելավ։

Տ․ Կիրակոս, որ այնքան վստահ էր իր հաջողության վրա, սկսավ շփոթիլ։ Այս ինչ համառ ու տարօրինակ մարդոց հանդիպած էր, 50 ոսկի պիտի առնեին ու տակավին գոհ չէին ըլլտր։ Ու քահանան հուսահատորեն գլուխը կօրորեր։

− Տիկին, գոնե դուք խոսք հասկցուցեք ձեր աղջկան,− ըսավ Տ. Կիրակոս, երբ առանձին մնաց Էլպիս հանըմին հետ.− ձեր աղջիկը դեռ երիտասարդ է, խելքը չհասնիր կոր, գացեք, խրատեցեք որ խենթություն չընե, ասիկա անակնկալ բախտ մըն է, որ երկինքեն կիյնա կոր. եթե 50 ոսկին չընդունիք ու ելլեք նորեն խնդիրներ հարուցանեք, ետքը շատ գեշ հետևանքներ կունենա․․․

− Ես չեմ խառնվիր այս գործին,− պատասխանեց Էլպիս,– հիմակվան աղջիկները իրենց մոր խելքով չեն կառավարվիր և խոսք ալ մտիկ չեն ըներ, ինչ որ ըսեմ՝ պարապ է։

Նույն միջոցին դուռը բացվեցավ և Սերգիս ներս մտավ։ Տ․ Կիրակոս մտատանջությամբ նորեկին նայեցավ և իսկույն ճանչցավ, որ դուռը բացող երիտասարդն էր։

− Տեր պապա, քիչ մըն ալ ինծի հետ տեսնվե նայինք,− ըսավ Սերգիս, աթոռ մը առնելով ու նստելով։

− Դուն ո՞վ ես․․․

− Ես տիկինին եղբայրը և Շուշանիկին ալ մորեղբայրն եմ։

Քահանան այս անակնկալ միջամտութենեն բնավ չախորժեցավ։ Կիներուն հետ գոնե համաձայնություն մը գոյացնելու հույս