ուներ, սակայն այս երիտասարդը, որ հանկարծ երևան կելլար, բնավ հուսատու երևույթ մը չուներ, այսուհանդերձ ուզեց սիրալիր կերպով ընդունիլ զայն։
− Օ՜, շատ լավ ուրեմն,− ըսավ,− ավելի աղեկ, հիմա կրնանք էրիկմարդճա տեսնվիլ և գուցե իրարու խոսք ավելի դյուրավ հասկնալ։
− Ես ալ ճիշտ անոր համար եկա,− պատասխանեց Սերգիս։
Տ. Կիրակոս ծխախոտի տուփը հանեց, սիկարեթ մը պլորեց և սկսավ երկարորեն կրկնել, ինչ որ քիչ մը առաջ ըսած էր երկու կիներուն, այսինքն թե՝ Ղուկաս էֆենտի հարուստ և զորավոր մարդ մըն էր, որուն հետ կարելի չէր գլուխ ելլել, թե լավագույն միջոց է հետը անուշ երթալ և կարելի եղածին չափ մեծկակ գումար մը բրցնել և թե այդ գումարն ալ 50 ոսկիեն ավելի չէր կրնար ըլլալ։
− Բայց վերջին ծառայություն մըն ալ կրնամ ընել անձնվիրաբար,− հայտարարեց քահանան իր երկար բացատրությունները տալե ետքը․− այն է՝ ամեն ճիգս կթափեմ տասը ոսկի մըն ալ ավելի բրցնելու, այսինքն՝ 60 ոսկի, ալ ասոր ըսելիք չմնար։
− Պարապ հոգնություն հանձն մի առնեք,− պատասխանեց Սերգիս,− հասկցանք, որ անկարելի է համաձայնիլ, մենք մեր գիտցածը կընենք, թող Ղուկաս էֆենտին ալ իր գիտցածը ընե։
− Բայց, զավակս, քու խելքդ չի հասնիր կոր, դուն դեռ անփորձ երիտասարդ մըն ես, հեռուն չես տեսնար կոր,− գոչեց քահանան հուսահատ ճիգով մը, տեսնելով որ ակնկալած վարձատրությունը ձեոքեն փախչելու վրա է։
− Երկար խոսք չեմ ուզեր ու կաղաչեմ որ դուրս ելլես ու մեզ հանգիստ թողուս, թող Ղուկաս էֆենտիդ չկարծե որ խեղճ, անօգնական աղջկան մը հետ է գործը, այլ ամեն բան աչքը առած մարդոց հետ․ ահա ասանկ բարև ըրե քու էֆենտիիդ։
− Բայց օրհնած, ի՞նչ է ձեր պահանջը, գոնե ան ըսեք, որ ես ալ վերջնական խոսք մը տանիմ… ես այս գործին մեջ պարզ միջնորդ մըն եմ, ինչո՞ւ ինծի ծանր խոսքեր կընեք․ ես միայն ձեր բարիքը կմտածեմ։
− Լավ ուրեմն,− Ղուկաս էֆենտիին կըսես, որ հինգ հարյուր ոսկիեն ոսկի մը պակաս չեն ընդունիր կոր, հասկցա՞ր․․․
Տ. Կիրակոս երկու ձեռքերը դեպի վեր բարձրացուց և գլուխը հուսահատորեն ճոճեց, տեսնելով, որ ուրիշ ճար չի կար, ոտքի ելավ ու «մնաք բարև» ըսելով մեկնեցավ։