Հետո, որոշեց սպասել, որպեսզի ինք անձամբ պետք եղած խորհուրդները տա երիտասարդին։
Կես ժամ ետքը Սերգիս եկավ։
− Նորե՞ն եկեր ես, տեր պապա,− գոչեց՝ քահանան տեսնելով։
− Այո, օրհնած, եկա ավետիս մը տալու։
− Ի՞նչ կա որ․․․
− Ղուկաս էֆենտին այսօր անպատճառ ձեզ տեսնել կուզե կոր, Պոլիս, իր գրասենյակը։
− Զիս ի՞նչ պիտի ընե։
− Կերևա, որ սա խնդրին կարգագրությանը համար պիտի համաձայնի, թեև ինք ատանկ բան մը չըսավ, բայց ես իր խոսքերեն այնպես հասկցա։
− Աղեկ, աղեկ, կերթանք, կտեսնվինք,− պատասխանեց երիտասարդը խոժոռ դեմքով մը։
− Միայն թե, զավակս,− վրա բերավ քահանան,− կրցածիդ չափ անույշ վարվե հետը և նայե, որ վեր վար բանի մը կապես ու գործը կարգադրես լմննա, որովհետև այդ մարդը բարկացնելու չի գար։
− Ես գիտեմ ինչպես վարվելու է այդ տեսակ թշվառական սրիկաներուն հետ, դուն բնավ հոգ մի ըներ,− գոչեց Սերգիս, որ Ղուկաս էֆենտիի այս հրավերեն գուշակած էր վաճառականին տագնապը։
− Ատ ի՞նչ խոսքեր են, օրհնած,− գոչեց Տ. Կիրակոս դողահար,− միթե կարելի՞ բան է Ղուկաս էֆենտիի պես հարուստ, ազդեցիկ, պատվավոր վաճառականի մը մասին ասանկ նախատական խոսքեր ընել։
− Պատվավոր մարդը անմեղ աղջիկներ չբռնաբարեր ու ետքն այ զավակովը միասին երեսի վրա չձգեր,− պատասխանեց Սերգիս խստությամբ։
Քահանան տեսնելով, որ հաշտարար խորհուրդները ոևէ ազդեցություն չպիտի ունենային, անօգուտ համարեց խոսքը ավելի երկարել և մեկնեցավ։
Երիտասարդը չափազանց ուրախ էր Ղուկաս էֆենտիի կողմե եկած հրավերին համար։
− Այս մարդը կվախնա կոր,− մտածեց ինքնիրեն,− քանի որ 150 ոսկին տվավ՝ 500-ն ալ պիտի տա, միայն թե խնդիր մը