Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլ Պոլիս գրասենյակս, հասկցա՞ր… քու կողմեն պարապ խոսքեր չավելցնես, հա։

− Անհոգ եղիր, ձեր հրամանները կետ առ կետ կկատարեմ,- պատասխանեց ամենայն խոհեմությամբ։

Եվ ոտքի ելլելով՝ ակնածանքով բարևեց էֆենտին և դուրս ելավ սենյակեն։

Հետևյալ առտու կանուխ փութաց Էլպիս Հանըմի տունը, սակայն իրեն ըսին, որ «մորեղբայրը» դուրս ելած է։

− Գալուն պես ըսեք իրեն, որ երթա Ղուկաս էֆենտին տեսնա, Պոլիս, իր գրասենյակը,− պատվիրեց քահանան։

− Շատ աղեկ, հիմա ուր է նե կուգա,− պատասխանեց Շուշանիկի մայրը։

− Ես երեկ երկար բարակ էֆենտիին հետ խոսեցա,− ավելցուց Տ․ Կիրակսս,− կակղեցուցի, ձեր վիճակը պատմեցի, վերջապես ձեռքես եկածը ըրի, որպեսզի պետք եղած օգնությունը չխնայե ձեզի, ինքն ալ խոստացավ և վստահ եմ, որ երբոր ձեր եղբայրը երթա հետը տեսնվի, շուտով պիտի համաձայնին և խնդիրը ձեր ուզածին պես լմննա, միայն թե հարկավ զիս չեք մոռնար և իմ աշխատությունս ու հոգնությունս կվարձատրեք… ձեր գործը հաջողցնելու համար պարզապես կռիվ ըրի Ղուկաս էֆենտիի հետ, գիտցած ըլլաք։

− Հոգ մի ըներ, տեր հայր, մենք աղքատ ենք, բայց խիղճ ունինք, թող ըսածիդ պես խնդիրը կարգադրվի և մենք մեր պարտականությունը կկատարենք։

Ինչպես հայտնի է, քահանան անպատկառորեն կստեր իր մատուցած երևակայական ծառայության պատմությամբը, բայց ինչ ըներ խեղճ մարդը, Ղուկաս էֆենտիեն բոլորովին հույսը կտրած՝ գոնե ասդիի կողմեն նյութական վարձք մը ձեռք ձգել։

− Չմոռնամ ըսելու, որ,− շարունակեց,− ձեր եղբորը հատկապես խրատ տվեք էֆենտիին հետ խիստ չխոսելու, որպեսզի գործը չխանգարվի, թող կրցածին չափ անոր ջուրին երթա և շատ ալ խստապահանջ չըլլա։

− Իրավ որ իմ խելքս ատանկ բաներու չհասնիր,− պատասխանեց Էլպիս հանըմ,− աղբարս անանկ մեկն է, որ իր գլխուն համեմատ կգործե, մարդու խոսք մտիկ չըներ։

− Գեշ բան, գեշ բան,− մրմնջեց Տ. Կիրակոս,− Ղուկաս էֆենտիի պես մենծ մարդոց հետ աղեկ երթալու է․․․