Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Է, դուք անոր մորեղբա՞յրն եք։

− Այսինքն ես այն մարդն եմ, զոր ուզած էիք տեսնել և լուր ղրկած էիք Տ. Կիրակոսի հետ։

− Այդ տեսակ մեջեմեջ խոսքերեն բան չեմ հասկնար, կամ բացե ի բաց բացատրե քու ով ըլլալդ և կամ քաշվե գնա, հոս գործատեղի է և պարապ խոսքերու չեմ կրնար ժամավաճառ ըլլալ։

− Ես ալ արդեն պարապ խոսքերով ժամանակ անցնել չեմ սիրեր, որովհետև անգլիացիներու մեջ մեծցած եմ,− պատասխանեց Սերգիս և առանց հրավերի սպասելու, աթոռ մը առնելով նստավ, հետո իր խոսքը շարունակեց։

− Հետևաբար Ղուկաս էֆենտի, մեկ քանի բառով բացատրեմ ամեն բան։ Տ. Կիրակոս, երբոր եկավ տիկին Էլպիսի քով և ձեր կողմեն աոաջարկեց 150 ոսկի վճարելու իր բռնաբարած աղջկան ու զավակին, ես ալ հոն էի և որովհետև այդ խեղճ ընտանիքին մեկ պաշտպանն եմ, ուզեցի միջամտել և ասոր քահանայի «մորեղբայր» կոչածը բուն իսկ ես եմ․․․

− Այսինքն կեղծ եղբայր մը,− պատասխանեց Ղուկաս էֆենտի.− արդեն կկասկածեի կոր։

− Կեղծ կամ ոչ, մենք որոշած ենք այդ ընտանիքին պաշտպան կանգնիլ ու թող չտալ որ զոհ երթան։

− Դո՞ւք, ուրեմն մեկ քանի հատ «մորեղբայր» կան մեջտեղ,− ըսավ վաճառականը ծաղրածու ձևով մը։

− Ղուկաս էֆենտի,− ըսավ երիտասարդը դաժան կերպով մը,− մեջտեղ երեսի վրա մնացած ծեր կին մը, բռնաբարված ու լքված մանկամարդ աղջիկ մը և խեղճ նորածին մը կան և խնդիրը այդ թշվառներու շուրջը կդառնա, թշվառներ, որոնց պատասխանատուն դուք եք, հետևաբար կխնդրեմ, որ փոխանակ ծաղրական կերպով խոսելու, խիստ լրջությամբ տեսնվիք հետս։

Ղուկաս էֆենտի, որ ա՛լ հասկցած էր, թե երիտասարդը ոևէ ազգականական կապ չուներ Շուշանիկի հետ, բնավ չհուզվեցավ Սերգիսի այս կշտամբանքներեն և նույն ծաղրածու ձևով շարունակեց.

− Բարեկամ, կերևա որ դուն բան գործ չունիս ու այսպես հոս ու հոն՝ մարդիկ կփնտռես, անոնց պաշտպան կանգնելու համար, Գիտե՞ս, ուրիշ մարդ մը և կին մը պաշտպանելու համար… և բերնիդ փայն ալ առիր, բայց կերևա, որ ատիկա բավական դաս մը չէ եղեր քեզի ու նորեն վազ չես անցեր այդ պաշտպանի դերեդ…