Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գոնե ծայրը շահ մը կա՞.,, եկուր քեզի ուրիշ գործ մը գտնանք տե, ատանկ պարապ գործերեն հրաժարե…

Երիտասարդը վաճառականին այս խոսքերեն թեև բարկացավ, սակայն կրցավ ինքզինքը զսպել և ամենայն պաղարյունությամբ պատասխանեց.

− Շնորհակալ եմ, Ղուկաս էֆենտի, ես ձեր կարծածին պես անգործ չեմ, շատ լավ պաշտոն մը ունիմ և այնպիսի հաստատության մը մեջ, որ դուք ոևէ կերպով չեք կրնար վնասել ինծի։ Եթե այդ կիներուն վիճակովը կհետաքրքրվիմ, պարզապես կարեկցութենե մղված ըլլալուս համար է, որովհետև մոտեն կճանչնամ իրենց վիճակը, ուստի նորեն կկրկնեմ՝ մեկ կողմ դնենք ունայն խոսքերը և իբրև լուրջ մարդիկ իրարու հետ տեսնվինք։

− Բայց դուն ոևէ հանգամանք չունիս այդ խնդրին խառնվելու… արդեն խնդիր ալ չկա,− փութաց ճշտելու Ղուկաս էֆենտի,- խեղճ տղա մը բերեր մեր դռան առջև ձգեր էին, հետը նամակով մը, իմ ալ խղճիս դիպավ, ուզեցի դրամական օգնություն ընել, պարզապես բարեգործություն մը, և ասոր համար քահանան իրենց տունը ղրկեցի, բայց հիմա կտեսնամ կոր, որ պարզապես քիթես բռնել կուզեք կոր, այնպես մը ցույց տալով, որ իբր թե այդ նորածինը իմ հարազատ զավակս է, թե մայրը ես գլխե հանած եմ և այլն։ Ասոնք անվայել բաներ են, բարեկամ, և այդ տեսակ դրամաշորթություններ ընողներուն համար մասնավոր պատիժներ ալ կան և բավական ծանր, ուստի ատոնք քեզի հասկցնելե ետքը, հիմա ահավասիկ իմ վերջին խոսքը, եթե իբրև զուտ ողորմություն կընդունին, լավ, իսկ եթե կշարունակեն իբրև իրենց իրավունքը պահանջներ ընել, տասը փարա չեմ տար, թող գիտցած ըլլան, իրենք և թե իրենց պաշտպանները…

Երիտասարդը վաճառականին բոլոր այս մարտահրավեր խոսքերը մտիկ ըրավ անայլայլ, հետո ըսավ.

− Ղուկաս էֆենտի, ես իբրև բարեկամ եկած եմ ձեր մոտ և կուզեմ որ իբրև բարեկամ մեկնիմ, որովհետև եթե խնդիրը հակառակության հանգի, այն ատեն ես տեղի տալու միտք չունիմ բնավ և ինծի հետ եղողներն ալ նույնպես որոշած են ամեն զոհողություն ընել այդ թշվառ աղջկան պաշտպանության համար, և որովհետև դուք ալ համառ մեկը կերևաք կոր, շատ բնական է, որ մեր այս հակառակությունը շատ ծանր հետևանքներ կրնա ունենալ, ուստի նորեն կկրկնեմ, երկուքնուս շահուն համար, լավ է որ խնդիրը խաղաղությամբ կարգադրենք։