Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


− Չէ, չէ, ես ալ աղեկ մը համոզված եմ, որ ինքն իր գլխին գործ կառավարելու կարող չէ… իրեն համար ամենեն հարմար է ամսականով պաշտոն մը, վաճառականի մը քով կամ ընկերության մը մեջ։ Իսկ եթե ուզես, կարող ես ատանկ գործ մը գտնել, այնչափ մարդ կճանչնաս, այնչափ ազդեցության ունիս հրապարակին վրա։

Եվ խեղճ կինը իր գեղեցիկ աչքերը հառեց վաճառականին, աղաչավոր ձևով մը։

«Որչափ գեղեցիկ է,− կմտածեր ինքնիրեն Ղուկաս էֆենտի,− և ես ինչ հիմարություն ըրի մեկ երկու աղտոտ կիներու ետևեն վազելով, երբ ձեռքիս տակ ասանկ ապրանք մը կար»։

Հետո հանկարծ, դիվային ծրագիր մը հղացավ, որ սակայն չուզեց մեկեն հայտնի ընել։

Ճանըմ,− ըսավ ողոքիչ ձայնով մը,− ի՞նչ գործ կրնա ընել էրիկդ, ոչ ուսմունք ունի, ոչ օտար լեզու գիտե, գոնե ֆրանսերեն, անգղիերեն, գերմաներեն գիտնար, աղեկ տետրակ բռներ, աչքը բաց ըլլար, բան մը կընեինք, բայց ատոնցմե ոչ մեկը գիտե, ես ի՞նչպես կրնամ զինքը մեկու մը հանձնարարել…

− Ղուկաս էֆենտի, դուն ուզես նե՝ բան մը կընես, մեր փնտռած գործը մեծ բան մը չէ, ապրելու չափ ամսական մը ըյլա՝ կբավե, էրիկս ալ այսչափ տարի է հրապարակին վրա է, քիչ շատ խելքը գործի կհասնի… իրմե պակաս բան գիտցողները այսօր աղվոր գործերու մեջ են, պաշտպաններու շնորհիվ։

− Կեցիր նայինք, բան մը մտածենք․ շիտակը ըսե՞մ, ես այդ ուղուրսուզ մարդուն բնավ բան մըն ալ ընել չեմ ուզեր, բայց ի՞նչ ընեմ, որ ղդուն կաս մեջտեղը և քեզի համար ամեն զոհողություն հանձն կառնեմ կոր։

− Շնորհակալ եմ, ես ալ այդպես ըլլալը գիտնալուս համար ելա եկա։

Ղուկաս էֆենտի մտածկոտ կերպարանք մը առավ, իբրև թե փրկության ճամփա մը գտնելու համար, հետո ըսավ.

− Պոլսո մեջ դժվար պիտի ըլլա գործ մը գտնել, հոս թե դրամը քիչ կվճարեն և թե շատ խստապահանջ են, ասկե զատ չեմ ուզեր որ իմ ծանոթներուս քով պզտիկ մնամ…

Հետո՝ կրկին մտածումի մեջ ինկածի պես,− էրիկդ դուրս տեղ մը ըլլա նե՝ կերթա՞… սանկ մոտիկ տեղ մը։

− Աղեկ ամա, Ղուկաս էֆենտի, այն ատեն մենք ալ միասին երթալու ենք տունով տեղով։