Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կյանքեն, կամաց-կամաց խույս տվավ իր բարեկամին ընկերակցութենեն։

Մոռցված կիրք մը վերստին վառել կսկսեր իր ներսիդին։

Առտու մը, երբ գրասենյակը նստած ընթացիկ գործերով կզբաղվեր, քենին ներս մտավ իր փոքրիկ աղջկան հետ։

− Բարև, Ղուկաս էֆենտի,− ըսավ նստարանին վրա տեղավորվելով, մինչ աղջիկը կփութար ձեռք համբուրելու։

− Աստծո բարին, բարի եկար,− գոչեց վաճառականը զվարթ դեմքով,− աս ո՞ւր է, մեջտեղ չի կաս այսչափ ատեն․․․

− Ինչ ընեմ, քույրս տունը չէ որ գամ,− պատասխանեց կինը ժպտելով։

Ղուկաս էֆենտի վավաշոտ աչքերով սկսավ դիտել իր քենին, որ գրեթե երեք ամիսե ի վեր չէր տեսած և որ տարօրինապես գեղեցիկ ու գրավիչ կթվեր իրեն այդ միջոցին։

− Այս որչափ փոխվեր ես,− ըսավ։

− Ի՞նչ եմ եղեր…

− Գերցեր, վրա ես եկեր, գույնդ աղվորցեր է…

Հետո, հանկարծ արհամարհական շեշտով մը հարցուց։

− Մարդդ ի՞նչ կընե կոր, գործերը ի՞նչ ջուրի մեջ են:

− Ամա՜ն, Ղուկաս էֆենտի, մի հարցներ, շատ փորձանքներու մեջ ենք նորեն, արդեն շիտակը անոր համար եկա քեզ տեսնելու:

− Ի՞նչ եղավ որ,− հարցուց վաճառականը հոնքերը պռստելով:

Ճանըմ, պզտիկ գործ մը ուներ, ինչ է նե՝ գեշ աղեկ կերթայինք կոր, հույն մը ելավ դեմը, ընկեր ըլլալ ուզեց, իբր թե գործը ընդարձակելու համար, վերջապես՝ ըրավ-չըրավ համոզեց, գործի սկսան, մեյեր խաբեբա ավազակին մեկն է եղեր, թե գործը կործանեց և թե եղած քիչ մը դրամն ալ առավ փախավ…

− Էյ, ըսել է հիմա գործը դադրեցուցա՞ծ է…

− Հապա, տասնհինգ օր է տունը նստած է, ըսի որ գա քեզի տեսնա, չհամարձակվեցավ, խեղճը երես չունի որ գա։

− Շիտակը իրավունք ալ ունի երես չունենալու,– պատասխանեց վաճառականը։

− Հիմա, Ղուկաս էֆենտի, նորեն հույսս քու վրա մնաց, քենե զատ մեկը չունիմ, դուն մեզ պիտի փրկես այս վիճակեն։

− Ի՞նչ, կրկին քանի մը հարյուր ոսկի տանք, որ մեկուն մեկալին գողցնե՞։