և երբեք դրամը չէր խնայեր։ Այսպես, Երանիկ անսովոր պերճությամբ կյանք մը կվարեր Սարը Յարի մեջ։ Խոհարար մը և սպասուհի մը ուներ իր հրամանին տակ և ամեն անգամ, որ վաճառականը կուգար, ճշմարիտ խնջույքներ կսարքվեին տան մեջ։ Իր արդուզարդին համար ուզածին չափ դրամ կստանար քեռայրեն։ Բոլոր այս պերճանքը, որուն ախը կքաշեր տարիներն ի վեր, ամեն անգամ որ կուգար իր քրոջ տունը մնալու, տեսակ մը գինովություն կուտար իրեն ու այդ գինովության մեջ կմոռնար իր արարքին տգեղությունը։ Ղուկաս էֆենտի հետզհետե իր քենիին հետ կիսաշխարհիկ կնոջ մը պես սկսավ վարվիլ, օղիի ու գինիի գործածության վարժեցնելով զայն, նույնիսկ ստիպեց, որ թրքական երգեր երգե, որովհետև Երանիկ գեղեցիկ ձայն մը ուներ։
Իրիկուն մըն ալ Ղուկաս էֆենտի Սարը Յար եկավ Քերովբե էֆենտիի ընկերակցությամբ։
Երանիկ, երբ այդ անծանոթը տեսավ իր քեռայրին հետ՝ շփոթեցավ ու դժգոհ կերպարանք մը առավ, սակայն վաճառականը մեկուսի ըսավ իրեն.
− Քա էրկանդ չորպաճին է, հարուստ վաճառական է, հետը աղեկ վարվե, դիտմամբ բերի, որ քիչ մը զինքը շոյենք ու ամսականը ավելցնել տանք։
Եվ սակայն Ղուկաս էֆենտի բացարձակապես կստեր, քանզի Քերովբե էֆենտին հոն բերած էր իբրև հր հոմանիին տունը։
Երանիկ ստիպվեցավ համակերպիլ։
Երկու բարեկամները օղիին ափսեն բերել տվին և սկսան խմել, հրավիրելով նաև տանտիրուհին, որ իրենց հետ խմե։
Հետո վաճառականը խնդրեց իր քենիեն, որ երգ մը երգե։ Երանիկ ընդդիմացավ և բացարձակապես մերժեց։
− Բա, ի՞նչ կքաշվիս կոր, Քերովբե էֆենտին դուրսեն մարդ չէ, իմ ամեն օրվան բարեկամս է,− գոչեց Ղուկաս էֆենտի, որ արդեն օղիին ազդեցության տակ կգտնվեր։
− Տիկինը շատ ամչկոտ կերևա կոր,− ըսավ Քերովբե էֆենտի ծաղրածու ձևով մը,− զինքը քաջալերելու համար՝ կեցիր ես նախ բան մը երգեմ։
− Կեցցես, Քերովբե էֆենտի, դուն նախ երգե, տիկինն ալ այն ատեն կստիպվի երգել։
Օղիի գավաթները կրկին լեցվեցան։ Քերովբե էֆենտի սկսավ