− Մեյ մը սա պոշ հերիֆը սըկե ճամփենք, ալ անկե ետքը դուն իմ աչքս նայե,− գոչեց վաճառականը և առանց ուշադրություն ընելու իր քենիին ընդդիմությանը՝ զայն թևերուն մեջ առավ և սկսավ համբուրել կատաղի տռփանքով մը։
Խեղճ կինը հազիվ կրցավ ինքզինքը փրկել այդ գիրկընդխառնումեն և վրան գլուխը շտկռտելով ինքզինքը դուրս նետեց գրասենյակեն։
Քանի մը ժամ ետքը, իրիկվան դեմ վաճառականին քենակալը եկավ, ներկայացավ Ղուկաս էֆենտիի, որ արդեն վստահորեն անոր կսպասեր։
Խեղճ մարդը ճարահատ կհավաներ Սամսոն երթալու։
Վաճառականը կարգ մը խրատներ ու խորհուրդներ տալե ետքը, նամակով մը զայն հանձնարարեց Քերովբե էֆենտիի, որ Ղուկաս էֆենտիեն ընդունած հրահանգին համեմատ ստիպեց Երանիկի ամուսինը, որ անմիջապես մեկնի Սամսոն, ուր իբր թե իր ներկայությունը անհրաժեշտ էր։
− Երկու օրեն պատրաստություններս կտեսնամ ու կմեկնիմ,− պատասխանեց մարդը։
− Երկու օրը չանցնի հա,− պնդեց Քերովբե էֆենտի և իբրև փոխադրության ու ճամփու ծախք հանեց տասը ոսկի տվավ։
Արդարև երկու օրեն ետք վաճառականին քենակալը շոգենավ մտավ ու մեկնեցավ։
Ղուկաս էֆենտի հասած էր իր նպատակին։
Անմիջապես փոքրիկ տուն մը վարձեց Սարը Յար և հոն փոխադրեց քենին՝ Երանիկ, անոր փոքրիկ աղջկան՝ Պերճուհիի հետ, որ տասնըմեկ տարեկան աղվոր աղջիկ մըն էր, մոր պես սև ու գեղեցիկ աչքերով։
Ալ անկե ետքը, շաբաթը գրեթե երեք գիշեր Ղուկաս էֆենտի Սարը Յար Երանիկի հետ կանցներ։
Առաջին օրերը հոմանիի այս կենցաղը ամոթ ու միանգամայն պժգանք կպատճառեր տիկին Թագուհիի քրոջ, որ ներքնապես չէր սիրեր Ղուկաս էֆենտին և տարփական հարաբերությունները կկրեր իբրև ապրուստի անհրաժեշտ միջոց մը։ Բայց կամաց-կամաց վարժվեցավ իր տարփածուի դերին, մանավանդ, որ քեռայրն ալ ամեն միջոց գործ կդներ հաճելի դարձնելու համար այդ նոր կյանքը։
Ղուկաս էֆենտի, որ ընդհանրապես ագահ ու արծաթապաշտ էր, տռփական հաճույքներուն համար շատ առատաձեռն կդառնար