Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


քենիին,− հյուրին խոսքը քիչ մը մտիկ կընեն, բան մը երգե լմննա երթա։

Ճար չի կար, պետք էր հպատակիլ։ Երանիկ սկսավ երգել և օղիները շարունակվեցան պարպվիլ։ Ինքն ալ այլևս գինովցած էր և առաջվան պես չէր դժկամակեր խմելու։

Առաջին երգին ուրիշ երգեր ալ հաջորդեցին և գրեթե կեսգիշերին մոտ էր, երբ սեղան նստան։

Առտուն սակայն Երանիկ իր սրտմտությունը հայտնեց Ղուկաս էֆենտիի։

− Մեյ մըն ալ չեմ ուզեր, որ հետդ ուրիշ մարդ բերես այստեղ,− հայտարարեց։

− Ի՞նչ կա, ի՞նչ եղավ որ,− գոչեց վաճառականը,− Քերովբե էֆենտին շատ պատվավոր, շատ շնորհքով մարդ է, եկավ տե՝ ի՞նչ ըրավ, քանի մը օղի խմեց, քիչ մը զվարթացավ, մե՞ղք գործեց ատոր համար։ Այսչափ դրամ կխարճեմ կոր տե՝ քիչ մը քեյֆ ընելու իրավունք չունի՞մ, զարմանալի բան։

− Հոս հանրատուն չէ, թող իր տունը նստի քեյֆ ընե։

− Քա, տունդ եկավ տե՝ ի՞նչ ըրավ, ծոցդ չմտավ ա…

− Ատ էր պակաս։

Վաճառականը ուսերը թոթվելով դուրս ելավ սենյակեն ու վար իջավ, ուր Քերովբե էֆենտի իրեն կսպասեր և միասին նավամատույց ուղղվեցան Պոլիս իջնելու համար։

− Աղվոր պատառ մը գտեր ես, կշնորհավորեմ,− ըսավ ճամփան Քերովբե էֆենտի իր բարեկամին։

− Անանկ չէ՞,− պատասխանեց վաճառականը սնապարծ հպարտությամբ մը։

− Ո՞ւրկե ձեռքդ ձգեցիր։

− Ատիկա գաղտնիք է։

− Բայց ամուսնացած կերևա կոր, ատ պզտիկ աղվոր աղջիկը իրե՞նն է։

− Այո՛, իրն է, ամուսնացած է, բայց էրիկը հոս չէ։

Այս խոսքերը հանկարծ լուսաբանեցին Քերովբե էֆենտին։

− Հիմա հասկցա,− գոչեց,− սա Սամսոն ղրկած մարդուդ կինը ըլլալու է, ի՞նչ ապուշ եմ եղեր, որ մինչև հիմա չհասկցա։ Ես ալ զարմացեր էի, որ ինչո՛ւ համար այդ մարդուն բացեն ամսական մը կապեր ես… գործին մեջ գործ կա եղեր, վա՛յ թշվառական։