Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղուկաս էֆենտի չպատասխանեց։ Զգաց, որ արդեն պետք եղածեն ավելի խոսած էր և ուզեց խոսքը փոխել։

− Աճապարենք, շոգենավը պիտի փախցնենք,– ըսավ։

Բայց շոգենավին մեջ Քերովբե էֆենտի նորեն խոսքը Երանիկի վրա դարձուց.

− Ան ի՜նչ սև ու աղվոր աչքեր, շատ տաքարյուն կնիկ էր… աղջիկն ալ ճիշտ իրեն կնմանի, մեծնա նե՝ խրյախ բան պիտի ըլլա։ Խեղճ էրիկն ալ խելքովը կկարծե թե իրեն արժանիքին համար տասը ոսկի ամսական կառնե կոր։

− Լուր մը ունի՞ս իրմե, գործին մեջ ի՞նչպես է եղեր, բանի մը յարա՞ր է գոնե,− հարցուց վաճառականը՝ խոսքը Երանիկի վրայեն հեռացնելու համար։

− Գեշ չէ, գեղերը ղրկեր են ապրանք գնելու, արդեն ընելիքը ի՞նչ է որ… բայց այս աղվոր կնիկը ինչպես այդ պոշ մարդուն տվեր են, կերևա որ ամուսնացած ատենը հարուստ է եղեր։

− Անանկ կերևա։

− Շիտակը երեկ իրիկուն շատ աղվոր ժամանակ անցուցինք… բայց գիտցած եղիր, օձիքդ թող չեմ ի տար, այս օրերս իրիկուն մը նորեն միասին պիտի գանք… եթե ոչ, գիտցած ըլլաս հա, էրիկը Սամսոնեն բերել կուտամ։

Եվ Քերովբե էֆենտի այս սպառնալիքը ընելով, սկսավ քահ-քահ խնդալ։

Տանը մեջ Երանիկ տակավին չէր հանդարտած, մանավանդ Ղուկաս էֆենտիի խոսքերը ալ ավելի գրգռած էին զինքը։ Կտեսնար, որ այդ մարդը հետզհետե տարբեր վարմունք մը կունենար իրեն հանդեպ, կատարյալ հոմանիի մը, հանրակինի մը տեղ դնելով զինքը ու այս բանը կկատղեցներ հեգ կինը։

Ուրիշ բան մը նույնպես անհանգիստ կըներ զինքը։

Գյուղին մեջ սկսած էին կասկածոտ աչքով մը նայիլ իրեն, հասկցած էին, թե այդ մարդը, որ շաբաթը քանի մը իրիկուն կուգար մնալու, իր ամուսինը չէր։ Ու հետո, տանը մեջ եղած քեյֆերը, երգելու ձայնը, տիրող շռայլությունը շատերուն ուշադրությունը գրաված էին։

Քանի մը անգամ՝ փողոցը, երիտասարդներ խոսք նետեր էին Երանիկի, ետևեն հետապնդեր, մինչև տան դիմացը եկեր էին, որով Երանիկ շատ չէր համարձակեր առանձին դուրս ելլել և տանը մեջ փակված կանցըներ ժամանակը։