Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Կաղաչեմ, Ղուկաս էֆենտի, կատակելու ատեն չէ, շատ կերպով կխոսիմ կոր։

− Սա օղիին ափսեն բերել տուր,− ըսավ էֆենտին, իբրև պատասխան։

Երանիկ դուրս ելավ՝ հրամանը կատարելու, բայց երբ վերադարձավ՝ ըսավ․

− Ես այս իրիկուն չպիտի խմեմ, գիտցած ըլլաս, շատ վնաս կուտա կոր․․․

− Քանի որ վնաս կուտա կոր, մի խմեր, քեզի ո՞վ կստիպե… Էյ, ե՞րբ ճամփա կելլաս կոր նայինք, Սամսոն երթալու համար։

− Ղուկաս էֆենտի, կաղաչեմ, այդպես ծաղրական կերպով մի խոսիր հետս, չես գիտեր երկու օրե ի վեր ի՞նչ սոսկալի տանջանքներու մեջ եմ,− պատասխանեց կինը պաղատագին ձալնով․․․

− Ինչո՞ւ ծաղրեմ, շատ լրջորեն կխոսիմ կոր, քանի որ Սամսոն երթալու խոսք ըրիր, ես ալ երթալդ հարցուցի, ասոր մեջ ծաղրական ինչ կա… ասկե զատ, շատ աղեկ կընես երթալով, երբ կին մը անանկ աննման էրիկ մը ունի, հարկավ չկրնար երկար ատեն բաժնված մնալ, գործն ալ հիմա շատ աղեկ է, կրակի պես կաշխատի կոր եղեր, անանկ որ Քերովբե էֆենտին միտք ունի ամսականը ավելցնելու, «գործիս մտնելեն ի վեր զիս էհյա ըրավ» կըսե կոր…

Ու Ղուկաս էֆենտի որոտընդոստ քահ-քահ մը ձգեց։

Երանիկ՝ հուսահատ խոսքը կարճ կապեց ու լռեց։ Երբ օղիի ափսեն բերին՝ Ղուկաս էֆենտի երկու գավաթները լեցուց և մին իր քենիին երկարելով՝ ըսավ․

− Խմե նայինք ասիկա, քիչ մը բացվիս, որովհետև շատ տխուր կերևաս կոր։

− Բայց ըսի, որ ես չպիտի խմեմ այս գիշեր…

− Ես ալ կըսեմ, որ պիտի խմես։

− Վնաս կուտա կոր…

− Պարապ խոսք մտիկ չեմ ըներ, խմե տեսնեմ… խմե, որ հիմակ ալ իս մտիկ ընես, որովհետև ես ալ շատ լրջորեն պիտի խոսիմ։

Երանիկ ստիպվեցավ պարպել գավաթը։

− Հիմա նստե,− ըսավ էֆենտին, իրավցնե լուրջ դեմքով մը։– Նախ՝ սա ըսեմ, որ Սամսոն երթալու գաղափարդ մտքեդ հանե։