Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


իր գոհունակությունը հայտնեց անոր նույն իրիկվան ընթացքին համար և ըսավ.

− Կտեսնամ, որ անհանգստությունդ բոլորովին անցեր է ու նորեն հին զվարթությունդ գտեր ես… երկու օր առաջ շիտակը զիս դող հանեցիր քու տխուր կերպարանքովդ և խենթ ու խելառ խորհուրդներովդ…

− Ի՞նչ խորհուրդ,− հարցուց Երանիկ բուռն ժպիտով մը։

− Ես ինչ գիտնամ՝ հիմարական բաներ, Սամսոն երթամ կըսեիր, ինչ կըսեիր։

− Այո, այդ օրը խելքիս այնպես փչեց, բայց հետո մտաբերի, որ ըլլալիք բան չէր։

− Աֆերիմ, կտեսնամ, որ խելքդ գլուխդ եկեր է։

Ղուկաս էֆենտի հետո խոսեցավ իր կնոջ՝ տիկին Թագուհիի մոտալուտ գալուստի մասին և ավելցուց.

− Բայց դուն անհոգ եղիր, քու մասիդ ամեն բան պիտի կարգադրեմ և նորեն պիտի կրնանք մեր հարաբերությունները շարունակել ապահով ու ծածուկ կերպով։

Հետո այս խորհրդավոր խոսքերը ըսավ, որոնց իմաստը լավ չկրցավ ըմբռնել Երանիկ։

− Միայն թե ջանա Քերովբե էֆենտիի հետ անուշ երթալ․․․ այս իրիկվան ընթացքդ շատ աղեկ էր։

Երանիկ ուզեց ավելի բացատրություն մը ուզել այս անորոշ ակնարկության մասին, ուստի ըսավ.

− Ինչո՞ւ համար կուզես, որ անպատճառ անուշ երթամ Քերովբե էֆենտիին հետ, ասիկա բացատրե ինծի։

Ղուկաս էֆենտի իր քենիին ձեռքը բռնեց փաղաքշական ձևով մը և ըսավ.

− Ինծի նայե, ինչպես ըսի, ծրագիր մը ունիմ քու ապագայիդ համար և այս պատճառով պետք ունինք Քերովբե էֆենտիի աջակցության… Թագուհին քիչ օրեն պիտի գա և գալեն ետքը բնականաբար մեր այս կյանքը չենք կրնար շարունակել, դուն Սարը Յար չես կրնար նստիլ ձմեռը, և նույնիսկ, եթե նստիս, ես այսպես շաբաթը երեք անգամ չեմ կրնար գալ և գիշերը հոս անցնել, ուստի պետք է որ դուն ալ գաս, Բերա, տուն մը նստիս, որպեսզի կարենանք մեր հարաբերությունները շարունակել, և ասոր համար, ահա, հարկավոր է որ Քերովբե էֆենտի մեզի աջակցի․ հիմա հասկցա՞ր։