− Ամսականը դո՞ւն կվճարես։
− Բնականաբար։
− Գո՞հ ես իր գործեն։
− Մինչև հիմա դժգոհության պատճառ մը չունեցա։
− Պիտի շարունակե՞ս քու գործիդ մեջ պահել զինքը։
− Անշուշտ, եթե գանգատի տեղի չի տա։ Բայց ինչո՞ւ համար այս հարցաքննությունները։
− Որովհետև ես ալ, Սամսոն, իր քով երթալ հաստատվելու միտք ունիմ,− պատասխանեց Երանիկ։
Այս խոսքերը մեկեն ի մեկ զարմացուցին ու շփոթեցուցին Քերովբե էֆենտին։ Երբեք այսպիսի եզրակացության մը չէր սպասեր։
− Ինչպե՞ս,− գոչեց,− Սամսոն պիտի երթա՞ս, հապա Ղուկաս էֆենտին…
− Ալ բավական է Ղուկաս էֆենտիին հետ վարած կյանքս, պետք է, որ էրկանս քով երթամ,− պատասխանեց Երանիկ վճռաբար։
− Այս դիտավորությունդ հայտնեցի՞ր իրեն։
− Այո։
− Էյ, ընդդիմություն չըրա՞վ։
− Ըրավ, բայց ստիպված չեմ անպատճառ իրեն հնազանդելու, էրիկ մը ունիմ, որ ազատ գործի տեր է, իրմե կախում չունի և կրնա զիս ապրեցնել, հետևաբար ուզածիս պես կրնամ շարժիլ։
− Բայց ուրեմն չե՞ս սիրեր Ղուկաս էֆենտին։
− Ե՞ս, երբեք,− գոչեց Երանիկ անկեղծ պոռթկումով մը։
Այս խոստովանությունը գաղտնի հաճույք մը պատճառեց Քերովբե էֆենտիի։
− Հիմա գանք մեր խնդրին,– շարունակեց Երանիկ։− Ղուկաս էֆենտի զիս իր ձեռքին տակ ունենալու համար ուզեց այնպես հավատացնել տալ թե ինք ղրկած է ամուսինս Սամսոն, թե ինքն է ամսականը վճարողը և հետևաբար մենք ալ իրմե կախում ունինք։ Ես ալ ճիշտ այդ կետը լուսաբանելու համար ուզեցի գալ ձեզ տեսնել և շատ ուրախ եմ, որ այդպես չէ եղեր և թե մեր ապրուստը իրմե կախված չէ…
− Այսինքն,− կմկմաց վաճառականը,− թեև ձեր ամուսինը իմ գործիս մեջն է, բայց Ղուկաս էֆենտիի հանձնարարությամբը և անոր խաթերը համար առած եմ։