համար ինծի ալ դիմում ըրած։ Շիտակը հանցավոր կըզգամ ինքզինքս ձեր առաջին այցելության միջոցին՝ ճշմարտությունը ձենե ծածկելու և ձեզ խաբեյական հույսեր տալուս համար։ Եթե այս մասին արդարացում մը ունիմ՝ այն ալ ձեր վրա ունեցած սերս ու համակրանքս է և այդ օրն ալ պարզապես ձեր հրապույրեն չզրկվելու համար էր, որ այդպես չարաչար ստեցի…
«Եվ ճիշտ այսօր ալ այդ հրապույրեն չզրկվելու համար կուգամ այս անկեղծ հայտարարությունները ընելու և միանգամայն հորդորելու ձեզ, որ հրաժարիք Սամսոն երթալու խորհուրդեն։ Քանի որ խիստ հավանորեն հոն հասնելուդ պես կամ նույնիսկ անկե առաջ ձեր ամուսինը իր գործեն պիտի դադրեցուցվի։ Ուրեմն փոխանակ դուք ձեր ձեռքով ձեր հանգիստը խռովելու, լավագույն բան մը ըրած կըլլաք հոս մնալով՝ ուր կրնաք վստահ ըլլալ, որ ձեր կյանքը հաճելի դարձնելու համար ամեն զոհողություն ընելու պատրաստ բարեկամներ չպիտի պակսին։ Ասով ձեր ամուսինն ալ հանգիստ իր գործը կրնա շարունակել։
«Ահա ինչ որ կփափաքեի բերանացի կերպով ըսել ձեզի, սակայն չհամարձակեցա, քանի որ ձեզ չարաչար խաբած ըլլալու խղճահարութենեն կտառապեի։ Կհուսամ, որ այս տողերը կարդալե ետքը, ներողամիտ պիտի ըլլաք իմ մասիս և ձեր շնորհներեն չպիտի զրկեք զիս»։
Երանիկ կատաղի ատելությամբ մը կարդաց այս նամակը, հետո բարկությամբ պատառ-պատառ ըրավ զայն ու հուսահաո ինկավ թիկնաթոռին վրա։
Այսպես, ուրեմն, իր ամբողջ երազն էր, որ կքայքայվեր, կրկին կիյնար իբրև ստրուկ հարճ մը իր հալածիչներուն ձեռքը, ճիշտ այն միջոցին, ուր փրկված ըլլալ կկարծեր։ Ու մանավանդ կկատղեր, խորհելով որ անձնատուր եղած էր Քերովբե էֆենտիի՝ պարզապես անոր խոստումներեն խաբվելով։
Հանկարծ ոտքի ելավ.
− Ինչ որ ալ ըլլա, պիտի երթամ,− ըսավ վճռաբար ինքնիրեն,− ալ չեմ կրնար, վայրկյան մը իսկ հանդուրժել այս կյանքին, աղջիկս կառնեմ կերթամ, ինչ կուզե թող ան ըլլա։
Եվ այս որոշումով քիչ մը հանդարտած՝ սկսավ կրկին ճամփու պատրաստություններ տեսնել։
− Բավական մանր մունր գոհարեղեններ ունիմ, անոնք կծախեմ,- կխորհեր,— ավելորդ կարասիներս ալ կծախեմ և այդ գումարով