Քերովբե էֆենտի նույնիսկ չուզեց հանձն առնել այդպիսի նամակ մը գրելու, իրեն պզտիկություն համարելով, սակայն վաճառականը կրցավ զգացնել իր բարեկամին, թե պարտավոր էր հպատակելու իր ըսածներուն և ի վերջո խեղճ մարդուկը ստիպվեցավ տեղի տալ։
− Այդ գրելիք նամակդ մինչև շաբաթ Երանիկի ձեռքը հասցնելու ես…
− Վաղը կգրեմ ու մեկու մը հետ կղրկեմ։
− Դուն վաղը մեր գրասենյակը հանդիպե, հոն միասին կորոշենք գրելիքդ, հետո ես մեկու մը հետ ձեռքը կհասցնեմ,− պատասխանեց Ղուկաս էֆենտի, որ կուզեր գործը ապահով կերպով տեսնել…
Երկու բարեկամները համաձայնեցան և որոշեցին, որ նամակին հառաջ բերելիք ազդեցությունը մեղմելու համար, Քերովբե էֆենտի կերպով մը հայտներ Երանիկի, որ ինք հանձն պիտի առնե իր ապրուստը հոգալ Պոլսո մեջ, եթե վերջնականապես հրաժարեր Սամսոն երթալու խորհուրդեն։
Այս տեսակցութենեն երկու օր ետքը, շաբաթ ցերեկին, երբ Երանիկ իր Սարը Յարի տան մեջ ճամփու պատրաստություններով զբաղած էր, սպասուհին իրեն հանձնեց նամակ մը, զոր նավամատույցի կոշիկ ներկողներեն մին բերած էր։
Երանիկ անփույթ կերպով մը առավ նամակը, պահարանը պատռեց և նախ ակնարկ մը նետեց ստորագրության վրա։
− Քերովբե էֆենտիեն է, արդյոք ի՞նչ գրած է,− ըսավ ինքնիրեն և սկսավ կարդալ:
Ահավասիկ նամակին պարունակությունը.
«Ազնվափայլ տիկին Երանիկ Ամասյան.
«Ապագա անհաճո անակնկալներու առաջքը առնելու համար, պետք կզգամ այս նամակովս միանգամ ընդմիշտ հայտարարել, թե ձեր ամուսնույն պաշտոնին մեջ հաստատ մնալուն և ամսականի հավելման մասին տված խոստումներս երբեք չպիտի կրնամ կատարել, որովհետև ձեր ամուսինը ոևէ օգտակարություն չունի իր գործին մեջ և եթե Սամսոն ղրկված է մեր կողմե, պարզապես ձեզ ծանոթ անձին ստիպումներուն վրա է. բաց աստի, արդեն նույն անձն է, որ կվճարե ձեր ամուսնույն ամսականին մեծ մասը, իսկ ես միմիայն երեք ոսկի կուտամ մեր սնտուկեն։
«Այս ճշմարտությունը արդեն դուք իմացած էիք և զայն ստուգելու