Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուտելու և վերջապես պանդոկի մը մեջ գիշերը առանձին անցնելե ետքը, հետևյալ առտու դուրս ելավ, Պոլիս դառնալու մտադրությամբ։

Սակայն շոգենավի սպասելու համար ուղղվեցավ սրճարանը, ուր տաճկական նվագ մը կար և բազմությունը հոն խռնված էր։

Հոն նստած սուրճ կխմեր, երբ ծանոթ մը մոտեցավ իրեն.

− Վայ, Ղուկաս էֆենտի, կիրակի առտվնով ի՞նչ բան ունիս հոս առանձին,– ըսավ իրեն մոտենալով։

− Երեկ մեկը տեսնելու համար հոս եկած էի, շոգենավը փախցնելով ստիպվեցա հոս մնալ գիշերը,− պատասխանեց վաճառականը,− բայց հիմա նորեն վար պիտի իջնեմ։

− Ասանկ գեղեցիկ օդով ու կիրակի օրով ի՞նչ պիտի ընես վար իջնես, ի՞նչ կա Պոլիս։ Նստե գոնե մինչև ցերեկ, միասին ժամանակ անցնենք։

Ղուկաս էֆենտի, որ իրավամբ հմայված էր օդին գեղեցկութենեն և ոևէ գործ մըն ալ չուներ վար իջնելու համար, ընդունեց իր բարեկամին հրավերը և որոշեց ցերեկեն ետքը, իրիկվան դեմ վերադառնալ տուն։

Երկու բարեկամները բավական նստելե ետքը ծովեզերյա սրճարանը, Ղուկաս էֆենտի ըսավ․

− Սանկ շնորհքով տեղ մը կա՝ այս կողմերը, ուր կարենանք մեզելենմիշ ըլլալով քանի մը օղի խմել։

− Ինչպե՞ս չի կա, ուզածիդ չափ,− պատասխանեց մյուսը,− ուզածդ այդ ըլլա։

− Ուրեմն քալե հոն երթանք։

Բարեկամը Ղուկաս էֆենտի առաջնորղեց ծովեզերյա ու ծառազարդ գեղեցիկ զբոսավայր մը, ուր տաճկական նվագ մըն ալ կար։

Հոն երկու բարեկամները մինչև կեսօր մնացին ու բավական օղի խմեցին, հետո կրկին միասին վերադարձան ճաշարան մը։

Ճաշեն հետո բարեկամը կարևոր գործ մը պատրվակ բռնելով մեկնեցավ, մինչ Ղուկաս էֆենտին ալ մտադրություն կհայտներ Պոլիս վերադառնալու։

Սակայն երբ առանձին մնաց, հանկարծ միտքը փոխեց, օղիեն ու գինիեն բավական զվարթացեր էր, գրեթե թեթևապես գինովնալով ու հիմա հանկարծ միտքը ինկած էր Երանիկը և անդիմադրելի փափաք մը կըզգար երթալ զայն տեսնելու։ Հիշեց նախորդ իրիկվան դեպքը, իր քենիին համառ բարկությունը և զինքը գրեթե բռնի