Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ճշմարտապես բան մը չէր գիտեր, որովհետև Երանիկ հարկ չէր տեսած անոր բացատրություններ տալու իր բացակայությանը մասին։

Գիշերը հոն մնաց Ղուկաս էֆենտի և գրեթե մինչև առավոտ չկրցավ աչքերը փակել։ Այս հանկարծական անհայտացումը ոևէ կերպով չէր կրնար մեկնել և տարտամորեն կնախազգար թե աղետավոր փորձանք մը կպատրաստվեր իր գլխուն։

− Բարով խերով սա նամակը գրած չըլլայինք,− կկրկներ ինքնիրեն,− Երանիկի այս ընթացքը նամակին արդյունքն է… բայց ո՞ւր գացած կրնա ըլլալ․․․

Մինչ վաճառականը այսպես երկու օրե ի վեր իր քենիին անակնկալ բացակայությամբը կմտատանջեր, Երանիկ իր աղջկան հետ գացած էր Կետիք Փաշա իրեն ու իր ամուսնույն ծանոթ ընտանիքի մը տունը, ուր մտադիր էր մնալ մինչև Սամսոն երթալիք օրը։

Ինք գուշակած էր, որ վաճառականը անպատճառ պիտի վերադառնար իր քով ու կրկին պիտի ջանար հաշտություն գոյացնել ու հարաբերությունը վերահաստատել և մանավանդ զինքը՝ ետ կեցնել ամուսնույն քով երթալու որոշու են։ Եվ այս բանը կսոսկացներ խեղճ կինը և իր արիությունը չկորսնցնելու համար, այսպես երեսը կծածկեր։ Իր քեռայրին ու Քերովբե էֆենտիի իր մասին ցույց տված վարմունքը զինք բոլորովին կատղեցուցած էր և վճռաբար որոշած էր այլևս իր միտքը դրածեն չշեղիլ ոևէ ազդեցության տակ։

Իր ապրած մեկ քանի ամսվան կյանքը այժմ այնքան զզվելի ու ամոթալի կթվեր իրեն, որ կուզեր անոր հիշատակը իսպառ վանել միտքեն։ Հիմա ամբողջ մտածումն ու գուրգուրանքը կենդրոնացուցած էր իր աղջկան՝ Մաննիկի վրա, որուն համար մանավանդ պետք զգացած էր միանգամ ընդմիշտ վերջ մը դնելու իր անկարգ կյանքին և կրկին ամուսնական հարկին տակ մտնելու, նույնիսկ ամենածանր նյութական զրկանքներ աչք առնելով։

Այն ընտանիքը, որուն տունը ապաստանած էր Երանիկ, հինավուրց բարեկամ ընտանիք մըն էր, որ ամեն կերպով պատրաստակամություն հայտնեց զինքն ու աղջիկը հյուրընկալելու և պետք եղած ձեռնտվությունը ընելու։ Տանտերը, Աբրահամ աղա, շուկան ոսկերիչ էր և բավական կարողության տեր․ տիկին Երանիկ անոր հանձնեց իր ունեցած բոլոր մանր մունր գոհարեղենները զորս հետը առած էր և որոնց մեկ քանին Ղուկաս էֆենտին նվիրած էր