Երանիկ Ղուկաս էֆենտիի մեկնումեն քիչ հետո տուն գնաց։ Նույն գիշերվան համար ոևէ ճաշ պատրաստած չըլլալով, իր հետ առավ նաև սպասուհին ու երեքը միասին ճաշելու համար մտան այն ճաշարանը, ուր կգտնվեր Ղուկաս էֆենտի։
Ղուկաս էֆենտի ճաշը լմնցնելե ետքը կպատրաստվեր մեկնիլ և երթալ Պեոյուք Տերե, երբ հանկարծ նշմարեց, որ Երանիկ իր աղջկան հետ զբոսարան մտավ, որ ինչպես ըսինք, միևնույն ատեն ճաշարան ալ էր, և գնաց սեղանի մը քով նստեցավ, առանց նշմարելու իր քեռայրը։
− Քիչ մը սպասեմ, տեսնենք ինչ կըլլա,− մտածեց ինքնիրեն Ղուկաս էֆենտի,− հիմա քիչ մը հանդարտած կերևա կոր, կարելի է ճաշեն ետքը, երբ որ փորն ալ կշտացնե, ավելի դյուրին կըլլա խոսք հասկցնել։
Եվ այս հուսալից ենթադրության վրա, գրպանեն սիկարեթ մը հանեց և ծխել սկսավ։
Իրավցնե Երանիկ այլևս գրգռված կերպարանք չուներ, հանդարտիկ կխոսեր իր աղջկան և սպասուհիին հետ, և նույնիսկ ատեն-ատեն կժպտեր։
Երբ ճաշը ավարտեց, վաճառականը ոտքի ելավ և մոտեցավ այն սեղանին, որուն շուրջը նստած էին երկու կիներն ու աղջիկը։
Երանիկ իր քեռայրը տեսածին պես զարմացական շարժում մը ունեցավ։
− Դող մի ելլար, քիչ ետքը պիտի երթամ,− փութաց ըսել վաճառականը,− ես ալ ձեզի պես ճաշելու եկա, բայց երբ ճաշս ավարտելով կպատրաստվեի դուրս ելլել, ձեր գալը տեսա և սպասեցի, որ ճաշդ լմնցնես, որպեսզի քովդ գամ և քիչ մը միասին տեսնվինք։
− Բայց արդեն ուշ է, տուն պիտի վերադառնանք,– պատասխանեց Երանիկ։
− Դեռ կարելի է նստիլ, տակավին ժամը երկուքն է։
− Մաննիկին քունը եկած է և ննջելու ատենն է։
− Ուրեմն թող անիկա սպասուհիին հետ տուն երթա, մենքքիչ մը նստինք,− պնդեց Ղուկաս էֆենտի,− անպատճառ պետք է որ քիչ մը խոսիմ քեզի հետ․․․
Երանիկ, որուն բարկությունը անցած էր, չկրցավ ալ ավելի դիմադրել և սպասուհիին ըսավ, որ աղջիկը տուն դառնա և ավելցուց.