Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Շատ հանգիստ, շատ աղեկ ու երջանիկ են,− հավաստեց կինը,− չես կրնար երևակայել, թե իրարու ինչպես կսիրեն։

Ղուկաս էֆենտի ուզեց իմանալ մանավանդ իր փեսին գործերուն վիճակը, նյութական կարողությունը։ Թագուհին այս մասին ալ խիստ գոհացուցիչ տեղեկություններ տվավ և ըսավ, թե փեսանին իրենց կարծածեն կամ հուսացածեն շատ ավելի փայլուն դիրք մը ուներ։

Ետքը կառքին մեջ, երբ Բերա կերթային, Թագուհին հարցուց.

− Քույրս՝ Երանիկը ի՞նչպես է։

− Աղեկ է,− պատասխանեց Ղուկաս էֆենտի վարանոտ ձևով մը,− այսինքն՝ աղեկ ըլլալու է, որովհետև բավական ժամանակ կա՝ տեսած չունիմ։ Երթալեդ ի վեր կարծեմ երկու երեք անգամ տեսա միայն, երկու անգամ գրասենյակ եկավ, անգամ մըն ալ փողոցը հանդիպեցա․․․ բայց երեկ մարդ ղրկեցի և գալդ իմացուցի, հավանական է, որ այսօր վաղը տուն կուգա։

−Էրիկը ի՞նչ ջուրի մեջ է։

− Անոր ալ աշխատանք գտանք, բարեկամի մը քով գործի դրինք, Սամսոն գնաց, կերևա որ չէ կրցեր օգտակար ըլլալ, որովհետև երկու օր առաջ այդ բարեկամս տեսա, ըսավ որ Պոլիս կանչեր է և թե այլևս իրեն պետք չունի եղեր։

− Ըսել է նորեն պարապ պիտի մնա։

− Աստված ողորմած է, հարկավ դարձյալ գործ մը կճարենք իրեն, հիմա ատոր վրա մտածելիք ատեն չէ։

Եվ Ղուկաս էֆենտի, որ այդ բացատրություններեն կնեղվեր, խոսքը փոխեց։

− Երանիկին հետ ալ չկրցանք համաձայնիլ, որպեսզի երկուքնուս խոսքը իրարու բռնե,− խորհեցավ ինքնիրեն,− եթե ինքն ալ գա և ուրիշ կերպ պատմե, գործ ունինք։

Բայց նույն օրը Երանիկ մեջտեղ չեկավ և Ղուկաս էֆենտի մտատանջության պատճառ չունեցավ։

Շաբաթ օրը միայն, ցերեկեն ետքը, Երանիկ եկավ իր քույրը տեսնելու։

− Աս ո՞ւր մնացիր, երկու օրե ի վեր քեզի կսպասեմ, Ղուկաս էֆենտին ըսավ, որ գալուստս իմացնելու համար մարդ ղրկած է քեզի, սակայն երևան չելար, անհանգի՞ստ էիր,− հարցուց Թագուհի հանդիմանական շեշտով մը։

− Չէ, միայն թե չափազանց զբաղված էի, էրիկս Սամսոնեն