որ կարելի եղածին չափ քիչ մը զգույշ շարժի անկողնին մեջ։ Դեղագիր մը գրելե և ուտելիքի մասին ալ կարգ մը հանձնարարություններ ընելե ետքը, բժիշկը մեկնեցավ՝ կրկին հանդիպելու խոստումով:
Քերովբե էֆենտի, որ բժշկին ներկայության աթոռի մը վրա նստած էր, անոր մեկնումեն անմիջապես հետո ոտքի ելավ ու քննեց լաթերը և տեսավ, որ իրավ արյունոտ էին, ինչպես նաև ճերմակեղենները, զորս բժշկին գալեն հետո փոխած էր։ Լաթերուն գրպանները պրպտեց և ճերմակեղեններուն հետ լրագրի մը մեջ ծրարեց և տարավ դարակի մը խորը պահեց:
Նույն միջոցին դուռը զարնվեցավ կամաց մը։
− Մտեք,− ըսավ Քերովբե էֆենտի։
Սպասուհին էր եկողը։
− Թագուհի հանըմ իմացավ, որ էֆենտիին համար բժիշկ եկեր է և կուզե ինչպես ըլլալը հասկնալ, ըսավ։
− Աղեկ է, կքնանա կոր,− պատասխանեց Քերովբե էֆենտի։
Սակայն նույն միջոցին վաճառականը աչքերը բացավ:
− Ո՞վ է եկողը,– հտրցուց։
− Տիկինը ձեր մասին տեղեկություն ուզեր է:
− Հանըմը կուզե ինչպես ըլլալնիդ իմանալ,− կրկնեց սպասուհին:
− Հիմա քիչ մը աղեկ եմ,− պատասխանեց Ղուկաս էֆենտի հևիհև։
Բայց իր տժգունությունը, խոսելու դժվարությունը այնքան խոր տպավորություն ըրավ սպասուհիին վրա, որ վազեց իր տիրուհիին մոտ, ըսելով.
− Հանըմ, էֆենտիին վիճակը շատ ծանր է, խոսելու կարողություն չունի, գույնը ըսես մոմի գույն դարձեր է…
Տիկին Թագուհի անմիջապես փութաց ամուսնույն սենյակը, ինք այնպես ենթադրած էր, որ Ղուկաս էֆենտի թեթև տկարություն մը ունեցած էր, միաթև պարզ պաղառություն մը, առանց ոևէ ծանր հանգամանքի, բայց սպասուհիին խոսքերը զինքը շփոթեցին։
Սենյակեն ներս մտնելով՝ զարմացավ, երբ հոն տեսավ Քերովբե էֆենտիին։
− Դո՞ւք ալ հոս եք եղեր,− ըսավ:
− Այո,− պատասխանեց վաճառականին բարեկամը,− պատահմամբ