եկա Ղուկաս էֆենտին տեսնելու գործի մը համար և ահա տեսա, որ հիվանդ պառկած է:
− Բայց ի՞նչ եղավ մեկեն ի մեկ,− հարցուց Թագուհի հանըմ, աչքերը ամուսնույն վրա ուղղած:
− Իրավ որ, տիկին, բժիշկը տակավին որոշ բան մը չկրցավ ըսել… այս իրիկուն կրկին պիտի գա և այն ատեն գուցե հիվանդության ի՛նչ ըլլալը հայտնվի: Առ այժմ քանի մը դեղեր տվավ և պատվիրեց, որ անկողնին մեջ հանդարտ մնա ու քիչ խոսի…
Տիկին Թագուհի անկողնին մոտեցավ, ձեռքը Ղուկաս էֆ-ին ճակատին դրավ և ըսավ.
− Բավական տաքություն ունի:
Հետո, հիվանդին դառնալով ավելցուց.
− Մեկ տեղդ կցավի կո՞ր։
− Չէ, միայն թե մեծ տկարություն մը կզգամ կոր։
Պահ մը անխոս դիտեցին իրար, հետո Ղուկաս էֆենտի դողդոջուն ձայնով մը հարցուց.
− Ի՞նչ պիտի ընես այսօր, իրիկունը պիտի մեկնեիր…
− Այս վիճակիդ մեջ չեմ կրնար քեզ թողուլ և երթալ… թող շաբաթ մը ետքը ըլլա։
− Կաղաչեմ, շատ մի խոսեցնեք,− միջամտեց Քերովբե էֆենտի, որովհետև բժիշկը կատարյալ հանգիստ պատվիրեց:
Տիկին Թագուհի հեռացավ անկողնին քովեն։
Այդ հանկարծական հիվանդությունը շատ տարօրինակ կթվեր իրեն ու չէր կրնար բացատրություն մը տալ։
− Արդյոք երեկ գիշեր ո՞ւր գացած էր,− հարցուց Քերովբե էֆենտիի,− ճաշի ալ տուն չեկավ։
− Իրավ որ, տիկին, բնավ տեղեկություն չունիմ, առջի իրիկվընե գրասենյակը զինքը տեսա գործի մը համար և ինք պատվիրեց, որ առտուն հոս գամ հետը տեսնվելու, ճիշտ ատոր համար եկած էի, երբ զարմանքով տեսա, որ հիվանդ պառկած է և բժիշկ մը կա քովը։
Քերովբե էֆենտի այնքան բնական շեշտով մը այս սուտերը կպատմեր, որ տիկին Թագուհի անոնց անկեղծության մասին ոևէ կասկած չունեցավ։ Հետո քիչ մըն ալ սենյակին մեջ մնալե ետքը, դուրս ելավ։
− Զարմանալի բան, այս ի՞նչ փորձանք է, որ գլխուս եկավ ճիշտ մեկնելու օրս,– մրմնջելով ինքնիրեն։