Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դամբարանի շինության համար՝ տիկին Թագուհիի կողմե՝ ինք կարգված էր կտակարար և խղճի մտոք կաշխատեր իր վրա դրված պաշտոնը կատարելու։ Անմխիթար այրին փափաքած էր, որ ոտանավոր արձանագրություն մըն ալ ըլլա շիրիմին վրա և Տեր Միքիաս գրած էր հետևյալ տապանագիրը, որուն համար քսան ոսկի վճարված էր իրեն։

ԱՍՏ ՀԱՆԳՉԻ ՂՈԻԿԱՍ ԷՖԵՆՏԻ ԿԵԼԿԻԹՅԱՆ,
ԱՄՈՒՍԻՆ ՉՔՆԱՂ, ՀԱՅՐ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ,
ԸՆՏԱՆԻ ՀԱՐԿԻՆ ՍԻՐՈՂ ԱՆՆԸՄԱՆ,
ԲԱՐՈՅԱԿԱՆԻ ԵՂԵՎ ՋԵՐՄ ՊԱՇՏՊԱՆ,
ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐ ՊԱՏՎՈ ՍՐԲՈՒԹՅԱՆ,
ԱՅԼՈՅ ՕՐԻՆԱԿ ԲԱՐԵՊԱՇՏԱՒԹՅԱՆ
ԲՈԼՈՐԵՑ ԿՅԱՆՔԻ ԻՐ ՄԱՔՈՒՐ ՇՐՋԱՆ:

Աղքատախնամի իր նախկին ընկերները հաճախ կհիշեին զինքը։

− Խիստ մարդ էր, բայց սիրտը մաքուր էր…

− Բարոյական, պատիվ կըսեր, ուրիշ խոսք մտիկ չէր ըներ…

− Վարդապետ ըլլալիք մարդ էր:

− Աստված ողորմի հոգուն, անոր պես բարոյականի տեր մարդ քիչ կգտնվի։

Ահա այսպես հիշատակ մը ձգած էր մեր Ղուկաս էֆենտի Կելկիթյանը, որուն շիրիմը այսօր կբարձրանա Շիշլիի գերեզմանոցին մեջ, պարզ, բայց պատկառազդու վեհությամբ մը, իբրև Ընտանիքի, Պատիվի ու Բարոյականի անջնջելի կոթող մը:

__________