Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձմեռն է և հիմա, կամ, առ առավելն, մեկ երկու ամսեն պետք է երթալ… թատրոններու ամենեն փայլուն միջոցին։

− Այո, բայց հայրիկիս զբաղումները չեն ներեր, որ ձմեռը ճամփորդե։

− Ուրեմն առանց հայրիկին կճամփորդեք…

− Առանձի՞ն, ամերիկուհիներու պես,− ըսավ Ռոզիկ խնդալով:

− Ոչ, բայց ուրիշ մեկու մը հետ…

Եվ այս խոսքերը արտասանած միջոցին Լևոնի ձայնը թեթև մը դողդողաց։ Ռոզիկ ինքն ալ կարմրեցավ, բայց չընկրկեց ու հարցուց.

− Ինչպե՞ս ուրիշի հետ:

− Չկրնա՞ր ըլլար, որ ամուսնանաք Փարիզ հաստատված մեկու մը հետ և մեկ երկու ամսեն միասին մեկնիք…

Ակնարկությունը ուղղակի, բացահայտ էր։ Ռոզիկ չպատասխանեց այս անգամ և ակնարկը սևեռեց գետնին, այտերը բոլորովին շառագունված։

− Այս ըսածս չկրնա՞ր ըլլալ,− պնդեց Լևոն։

− Կրնա ըլլալ,− պատասխանեց աղջիկը։

Երիտասարդը ավելի մոտեցավ մանկամարդ աղջկան, ձեռքը բռնեց և կամաց մը շրթունքին տարավ։ Ռոզիկ, հուզված՝ շփոթված, գլուխը կռթնցուց Լևոնի կուրծքին՝ անպատմելի երանությամբ մը։ Ճակատամարտը շահած էր։

− Ռոզիկ, աղջիկս,− լսվեցավ սրահին մյուս ծայրեն Թագուհի հանըմի ձայնը․− քիչ մըն ալ մեր քովը եկեք նստեցեք։

Երկու երիտասարդները ակամա ոտքի ելան, մինչ Ղուկաս էֆ․ կըսեր իր կնոջ։

− Ձգե՛, թո՛ղ անոնք ալ հոն խոսակցին։

Բայց Ռոզիկ և Լևոն եկած էին արդեն իրենց քով։ Տիկին Թագուհի ակնարկ մը փոխանակեց աղջկան հետ և անմիջապես հասկցավ, թե գործը կարգին էր։ Ինքն ալ շատ սիրալիր, շատ հուսալից տեսակցություն մը ունեցած էր Լևոնի մոր, տիկին Անթառամի հետ։ Վճռական խոսքեր չէին փոխանակված թեև, սակայն հայտնի էր, որ խոսք-կապի առաջարկությունը չպիտի ուշանար։

Մեկնելու ատենին տիկին Թագուհի հայտնեց Լևոնի և իր մոր, թե հինգշաբթի երեկոները իրենց ընդունելության գիշերն էր և հատկապես հրավիրեց զիրենք։