Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


դժբախտաբար արև կուգա… բայց այս կողմերը ի՞նչ բան ունեիք, մեզի՞ կուգայիք կոր…

− Չէ՛, միայն թե Միհրանիկ էֆ-ին ըսի որ հոսկե անցնինք, քու մասիդ տեղեկություն առնելու համար, շիտակը մտատանջության մեջ մնացի… պատարագը նոր մտած էինք, հանկարծ թողուցիր հեռացար եկեղեցիեն, գույնդ ալ մեկեն ի մեկ ավրվեցավ… արդյոք հիվա՞նդ եղավ՝ մտածեցի… ինչ որ է, կերևա որ բան մը չէ:

− Շատ գեշ կերպով ջիղերս թունդ ելան,− պատասխանեց Սաթեն,− դուն քիչ մը ետևս նստած էիր, հարկավ տեսար եղածը։

− Շիտակը բաներ մը դարձավ ամա, աղեկ մը չհասկցա։

− Տիկին Շազիկին գալը տե՝ աթոռը իմ կեցած տեղս դնել տալ ու նստիլը չտեսա՞ր…

− Մտքես անցավ, որ անոր համար մեկեն ի մեկ բարկացար, ճամփան էրկանս ալ ըսի, անանկ չէ՞, Միհրանի՛կ էֆենտի։

− Այնպե՛ս է,− հաստատեց ամուսինը։

− Իրավունք ունիս, տիկին Սաթեն, շատ իրավունք բարկանալու։ Ես ալ քու տեղդ ըլլայի՝ կբարկանայի… թաղականի կնիկ է եղեր տեյի՝ թող այդչափ ալ վերերեն չթռչի…

− Մինակ թաղականի կնիկ չէ, Թաղական Խորհրդի ատենապետին կնիկն է,− ճշտեց Միհրանիկ։

− Հանցանքը ժամկոչինն է, որ աթոռը բերավ հոն դրավ,– գոչեց Սաթեն, որ չափազանց գոհ էր այս խնդիրը կրկին արծարծվելուն։

− Արդեն այդ ժամկոչը ավանակին մեկն է,− վճռեց Միհրանիկ։

− Անոր աղվոր դաս մը արվի նե՝ մարդ կըլլա։

− Հարկավ Մարգար էֆ. պետք եղածը պիտի ընե,− դիտել տվավ Նվարդ։

Մարգար էֆ. դժգոհ՝ իրեն ուղղված այս հրավերեն, ձեռքով անորոշ շարժում մը ըրավ։

− Մարգար էֆ-ին հոգն անգամ չէ, որ իր կնիկը ժամերուն մեջ խաղք ու խայտառակ ըլլա,− գոչեց Սաթեն իր աթոռին վրա բարկությամբ շարժվելով։

− Ճանը՛մ, եղածը մեծ բան մը չերևար կոր ինծի,− արդարացուց ինքզինք խեղճ ամուսինը:

− Չէ՜, Մարգար էֆ., ատանկ մի ըսեր,− բողոքեց Նվարդ,– եղածը շատ ծանր բան է… ժամուն մեջ ամենուն ալ ուշադրությունը գրավեց։